Պաղպաղակով բեռնված բեռնատարը շրջվել է. վարորդն ու մենեջերը հոսպիտալացվել են
Պաղպաղակով բեռնված բեռնատարը շրջվել է. վարորդն ու մենեջերը հոսպիտալացվել են
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 12։30-ի սահմաններում Եղվարդ-Նոր Երզնկա ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, JAC մակնիշի բեռնատար-սառնատարը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին ու կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղվարդի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Եղվարդ քաղաքի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Եղվարդի հիվանդանոց։
Ուղևորի ինքնազգացողությունը տեղում վատացել էր։ Ու նույն վաշտի ավագ պարեկ Արթուր Առաքելյանը, պարեկ Նարեկ Ավետիսյանը, կրտսեր պարեկներ Գարեգին Հակոբյանն ու Արթուր Մադոյանը պարեկների ծառայողական ավտոմեքենայի միջից դուրս բերեցին դեղատուփը, մշակեցին վիրավորի վերքերը, ապա վիրակապեցին և, չսպասելով շտապօգնության ժամանմանը, փրկարարների հետ Պարեկային ծառայության ավտոմեքենայով տեղափոխեցին Եղվարդի հիվանդանոց։
Քանի որ տեղում պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել Արագածոտնի մարզի տարածքում, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արմեն Ղազազյանի և վաշտի հրամանատար Սուրեն Անանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են և տեղում հերթապահություն են կատարում Կոտայքի մարզի գումարտակի կրտսեր պարեկներ Ա․ Մադոյանը, Գ․ Հակոբյանը և Արագածտոնի մարզի գումարտակի պարեկ Արթուր Գևորգյանն ու կրտսեր պարեկ Հովիկ Գալստյանը։
Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Օտ Մարտինա» ընկերության հաշվեկշռում։
Վիրավորները ընկերության վարորդն ու մենեջերն են։ Ավտոմեքենան էլ բարձված է եղել պաղպաղակով։