Պաղեստինը շնորհակալություն է հայտնում Հայաստանին
Պաղեստինի ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբասի գրասենյակը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Պաղեստինի պետությունը ճանաչելու համար: Այդ մասին այսօր հայտնել է WAFA գործակալությունը։
«Հայաստանի իմաստուն քայլը համահունչ է խաղաղություն նախատեսող ծրագրին, որը ենթադրում է երկու պետությունների համակեցությունը: Սա ռազմավարական ընտրություն է, որը պաշտպանում է միջազգային կամքը և լեգիտիմությունը», – ասվում է հայտարարությունում:
Պաղեստինի վարչակազմը շնորհակալություն է հայտնում Հայաստանին «այս խիզախ և կարևոր որոշման համար, որն ամրապնդում է երկկողմ կապերը և նպաստում խաղաղությանն ու կայունությունը տարածաշրջանում»։
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ հանրապետության իշխանությունները որոշել են ճանաչել Պաղեստինի պետությունը։ Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչների խոսքով՝ Երեւանն այդ կերպ հաստատել է հավատարմությունը միջազգային իրավունքին եւ ժողովուրդների խաղաղ գոյակցության սկզբունքներին։
Նշենք, որ Պաղեստինը ճանաչել են Սլովենիան, Իռլանդիան, Իսպանիան և Նորվեգիան։