«ՊԱԶ» ավտոբուսը Վերին Երզնկայում հայտնվել է բնակչի բակում՝ մեղվափեթակների մեջ․ ավտոբուսում գտնվող 29 ուղևորներին մեղուները խայթել են
«ՊԱԶ» ավտոբուսը Վերին Երզնկայում հայտնվել է բնակչի բակում՝ մեղվափեթակների մեջ․ ավտոբուսում գտնվող 29 ուղևորներին մեղուները խայթել են
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը Վերին Երզնկա գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան պարսպին և հայտնվել տան բակում՝ վնասելով բակում գտնվող մոտ 30 հատ մեղվի փեթակները, ապա բախվել է գազատար խողովակին։
Բախման հետևանքով առկա է գազի արտահոսք, իսկ ավտոբուսում գտնվող 29 ուղևորներին մեղուները խայթել են և նրանց տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վիրավորներից մի մասին առաջինը օգնության են հասել գյուղացիները և իրենց ավտոմեքենաներով տեղափոխել հիվանդանոց, մի մասին էլ՝ «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները և տեղափոխել հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Շամիրյանը և Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Պարեկային ծառայությունն ու ոստիկանություն պարզում են վարորդի, հիվանդանոց տեղափոխվածների և փեթակների սեփականատիրոջ ինքնությունը։