Աշխարհ

Պաբլո Էսկոբարի զարմիկը 18 մլն դոլար է գտել, որը թաքցված էր իր հորեղբոր տներից մեկի պատի մեջ

Պաբլո Էսկոբարի զարմիկը 18 մլն դոլար է գտել, որը թաքցված էր իր հորեղբոր տներից մեկի պատի մեջ

Կոլումբիացի թմրաբարոն Պաբլո Էսկոբարի զարմիկն ասում է, որ կանխիկով 18 մլն դոլար է գտել, որը թաքցված էր իր հորեղբոր տներից մեկի պատի մեջ, հայտնում է Independent-ը։

Նիկոլաս Էսկոբարը պնդում է, որ «տեսիլքն» իրեն հուշել է, թե Մեդելյինայի բնակարանում (նա հիմա այնտեղ է բնակվում) կոնկրետ որտեղ պետք է փնտրել փողը։

Կոլումբիական լրատվամիջոցներին Էսկոբարը հայտնել է, թե սա առաջին դեպքը չէ, որ ինքը փող է գտնում հորեղբոր թաքստոցներում։ Նրա խոսքով՝ գտել է նաեւ ոսկե գրիչ, արբանյակային հեռախոսներ, գրամեքենա եւ չերեւակված ժապավեն։

«Ամեն անգամ, երբ ճաշասենյակում նստած նայում էի ավտոկայանատեղիի ուղղությամբ, տեսնում էի, թե ինչպես է տղամարդը մտնում այդտեղ եւ անհետանում»,- ասել է Էսկոբարը կոլումբիական «Red + Noticias» հեռուստաալիքին։

Նիկոլաս Էսկոբարը, որն այս բնակարանում բնակվել է 5 տարի, ասում է, որ որոշ թղթադրամներ վնասված էին եւ օգտագործման համար ոչ պիտանի։ Նրա խոսքով՝ ժամանակին ինքը հորեղբորն ուղեկցել է ուղեւորությունների ժամանակ, եւ մի անգամ նրան նույնիսկ առեւանգել ու խոշտանգել են նրան որոնող մարդիկ։

Պաբլո Էսկոբարը տասնամյակներ շարունակ պայքարել է Կոլումբիայի կառավարության դեմ, որ խուսափի ԱՄՆ արտահանձնվելուց, եւ ի վերջո՝ 1993 թվականին սպանվել է ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ։

Թմրաբարոնը Մեդելյինայում իր կարտելը ստեղծել է 1970-ական թվականների վերջին եւ 1980 թվականին զբաղվել է ԱՄՆ-ում կոկաինի մաքսանենգության 80 տոկոսով։

«Կոկաինի արքա» մականունով Պաբլո Էսկոբարը դարձել է աշխարհում ամենահարուստ մարդկանցից մեկը, նրա բիզնեսը բերում էր շաբաթական մոտ 420 մլն դոլար։ Նա 7 տարի անընդմեջ մտել է Forbes-ի միջազգային միլիարդատերերի ցուցակի մեջ՝ 1987-1993 թվականներին։

1989 թվականին նա աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 7-րդ տեղում էր։

Պաբլո Էսկոբարին, ում անվանում էին նաեւ «Էլ Պատրոն», իշխանությունները կալանավորել են 1991 թվականին եւ պահել «Մայր տաճար» կոչվող հատուկ նախագծված բանտում, որտեղ նա կարող էր ընտրել խցակիցներին, եւ շարունակել է ղեկավարել իր գործունեությունը։

Ըստ պաշտոնական գնահատականների՝ Էսկոբարի կարտելը միայն 1989-1993 թվականներին ներգրավված է եղել ավելի քան 5 հազար սպանությունների մեջ։

Կիսվել