Չկա որևէ մարդ կամ ուժ, որ կարող է ինձ ստիպել փոխել իմ դիրքորոշումը․ Զոհրաբյանը՝ տրանսգենդերի մասին
Զոհրաբյանը՝ տրանսգենդերի մասին ․ «Որպես ԱԺ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախագահ ես առաջնորդվել եմ բացառապես ԱԺ կանոնակարգ օրենքով, որևէ դրույթ ես չեմ խախտել:
Ավելին՝ ես թույլ եմ տվել, որ այդ անձնավորությունն իր խոսքը ավարտի, որից հետո ընդամենը, ինչպես պահանջում էր ԱԺ կանոնակարգ օրակարգը, նկատել եմ, որ ինքը շեղվել է օրակարգից»,- Ստրասբուրգում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԱԺ լսումների ժամանակ տրանսգենդեր կնոջ ելույթին:
Դիտարկմանը, թե ինչու օրակարգից նույնպես շեղված Միքայել Մելքումյանի հետ նույն տոնայնությամբ նա չխոսեց, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Դուք շատ լավ հասկանում եք հարցի զգայուն և նուրբ լինելը, և կարծում եմ՝ շատ լավ հասկանում եք, որ նման հարցեր չի կարելի այդպես կազմակերպված ձևով բերել և բացարձակապես ԱԺ այլ օրակարգով լսումների տակ փորձել էպատաժ սարքել»:
Հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ իրենք պատրաստ են հանձնաժողովում ցանկացած հարց քննարկել, բայց դա պետք է լինի հանձնաժողովի որոշմամբ, դա չպիտի լինի անակնկալ և անսպասելի. «Որևէ խտրական վերաբերմունք որևէ մեկի հանդեպ ես չեմ դրսևորել»:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ լսել չի նշանակում ընդունել կամ կիսել այդ սկզբունքները. «Ես յուրաքանչյուրին կարող եմ լսել և յուրաքանչյուրին տրամադրել ամբիոն, բայց ես ունեմ իմ սեփական դիրքորոշումը, և աշխարհում չկա որևէ մարդ կամ ուժ, որ կարող է ինձ ստիպել փոխել իմ դիրքորոշումը»: