Չի կարող պետական կառույցում նման տգիտություն լինել. Շիրակի թեմի առաջնորդին բարկացրել է ՊԵԿ–ի գրությունը
Չի կարող պետական կառույցում նման տգիտություն լինել. Շիրակի թեմի առաջնորդին բարկացրել է ՊԵԿ–ի գրությունը, – ֆեյսբուքյան էջում գրել է Աջապահյանը։
«Սիրելիներ, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը փնտրում է «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ»-ի տնօրեն պարոն Գևորգ Աջսպահյանին, ով բնակվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայիսյան ապստամբ. 1 հասցեում։ Հայցում եմ ձեր օգնությունը՝ գտնելու սույն մարդուն»,- ֆեյսբուքյան էջում գրել է Աջապահյանը։
Գրառմանը կից Շիրակի թեմի առաջնորդը հրապարակել էր մի փաստաթուղթ, ըստ որի՝ ՊԵԿ պաշտոնյան, Գյումրու քաղաքի Մայիսյան Ապստամբության 1 հասցեով գրություն է ուղարկել և դիմելով «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ»-ի տնօրեն պարոն Գևորգ Աջսպահյանին, վերջինիս զգուշացրել է, որ նա պարտավոր է ՊԵԿ-ի պահանջով ողջամիտ ժամկետում տրամադրել իր կառավարման մարմինների որոշումների պատճենները կամ գործունեության մասին այլ փաստաթղթեր:
Միքայել եպիսկոպոս Աջապահյանը NEWS.am–ի հետ զրույցում հայտարարեց, որ նման տգիտության երբևէ չի հանդիպել։
«Նախ իմ ազգանունն են սխալ գրել, երկրորդ՝ ես վաղուց արդեն Գևորգ չեմ (խմբ–ավազանի անունը) , 31 տարի է իմ ավազանի անունը փոխված է, Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմը չի կարող գրվել չակերտների մեջ և եկեղեցին ոչ թե տնօրեն է ունենում, այլ ունի առաջնորդ, իսկ ինչ վերաբերվում է հասցեին, ապա Մայիսյան Ապստամբության 1 հասցե 30 տարի է Գյումրիում գոյություն չունի, սրանք պարզ բաներ են, որոնք պարտավոր են իմանալ այն կառույցները, որոնք շփվում են մեր եկեղեցու հետ»,–հայտարարեց եպիսկոպոսը։
Աջապահյանի խոսքով՝ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հասարակական կազմակերպություն չէ և ոչ էլ իրավաբանական անձ.
«Իրավաբանական անձ է հանդիսանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Իրենց գրած նամակից ես բան չեմ հասկացել, ցանկություն էլ չունեմ խորանալու բովանդակության մեջ, քանի որ գրությունն ինքնին այնքան արտառոց է իր անգրագիտությամբ, որ բովանդակության մեջ մտնելու կարիք չկա։ Չի կարող պետական կառույցում նման տգիտություն լինել»,–ասաց նա։