Չի կարելի հանցագործին բաց թողնել, գիտե՞ք ինչքան վտանգավոր է. Սարգիս Քլոյանը՝ Քոչարյանի մասին
Չի կարելի հանցագործին բաց թողնել, գիտե՞ք ինչքան վտանգավոր է. Սարգիս Քլոյանը՝ Քոչարյանի մասին
Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց մարտի 1-ի զոհերից 28-ամյա Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:
Սարգիս Քլոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք դատական քննությունների ժամանակ դատավորի հարցերից արդեն հասկացել էին, որ խափանման միջոցի փոփոխություն է տեղի ունենալու:
«Մենք հասկացանք, որ դատավորը ի օգուտ Քոչարյանի է որոշում կայացնելու, որովհետև նա արդեն գրավի դիմաց ինչ-որ բաներ էր պահանջում: Բերեցին երկու բնակարանի վկայականներ, ուսումնասիրեցին վկայականները: Քոչարյանին հարցեր էր տալիս, թե ի՞նչ կարողությունների տեր է, ինչքա՞ն կարող է մուծել:
Քոչարյանն ասեց, որ 250 հազար դոլարից ավել գումար չունեմ, իմ ամբողջ գույքը կալանքի տակ է: Եվ այդպես շարունակ զգացինք, որ դատավորի աչքերը խաղում է, հասկացանք: Ու այդպես էլ եղավ: Սա անարդարություն է, ինչպես կարելի է: Քաղաքի կենտրոնում 10 մարդ է գնդակահարել, հարյուրներին բանտարկել, սահմանադրական կարգը տապալել:
Ո՞րտեղից այդ 2 մլրդ դրամը վճարեց, բա ասում էր փող չունեմ: Թող ազգային անվտանգությունն ուշի ուշով հետևի, թե որտեղից այդ գումարները, ո՞վ վճարեց, ո՞րտեղից և այլն»,- պատմեց Սարգիս Քլոյանը:
Նա նշեց, որ իր կարծիքով սա ժամանակավոր է, քանի որ Դատախազությունն արդեն դիմել է Վճռաբեկ դատարան: Սարգիս Քլոյանը վստահ է, որ Վճռաբեկ դատարանը ճիշտ որոշում կկայացնի ու Քոչարյանը նորից կկալանավորվի:
«Մենք բոլորս, ոչ միայն տուժողների հարազատները, այլև՝ ամբողջ հայ ժողովուրդը անհամբեր սպասում է Վճռաբեկ դատարանի որոշմանը: Ես հավատում եմ Վճռաբեկ դատարանին, որովհետ մեկ անգամ արդեն որոշում կայացրել է:
Եթե առաջին անգամ Վճռաբեկը բավարարել է մեր պահանջը, ոչ թե Քոչարյանի, պարզ է, որ այս անգամ էլ ճիշտ որոշում կկայացնի: Ո՞նց կարող է առաջին անգամ ճիշտ որոշում կայացնի, երկրորդ անգամ սխալ: Մենք հավատում ենք»,- վստահություն հայտնեց Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը:
Հարցրինք, դատարանի որոշումն ինչպե՞ս կգնահատեք, արդյոք դա ապացուցում է, որ հեղափոխությունից հետո էլ դատարանները շարունակում են գտնվել նախկինների ազդեցության ներքո, Սարգիս Քլոյանը պատասխանեց՝ գուցե տվյալ դատավորը մեկ ուրիշ ճանապարհով է գնացել, ոչ թե նրա նկատմամբ ֆիզիկական ճնշումներ են եղել:
«Դուք հասկանում եք չէ՞, թե ինչ նկատի ունեմ: Գուցե այդ ճանապարհով է գնացել, բայց դատավորը չարաչար սխալվել է: 10 օրվա համար ամբողջ հայ ժողովուրդը թքում է իր երեսին: Չի կարելի հանցագործին բաց թողել, գիտե՞ք ինչքան վտանգավոր է»,- նշեց մեր զրուցակիցը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում