Մամուլ

Չինաստանը Հայաստանին նվիրաբերեց շտապ բուժօգնության 200 ավտոմեքենա (Լուսանկարներ)

Չինաստանը Հայաստանին նվիրաբերեց շտապ բուժօգնության 200 ավտոմեքենա (Լուսանկարներ)

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերեց շտապ բուժօգնության 200 ավտոմեքենա. հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Երևանում, ներկա էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը և այլք:

«Այս առիթով հղում եմ իմ ջերմագին շնորհավորանքները: Առողջապահության ոլորտում համագործակցությունը հայ-չինական համագործակցության կարևոր մասն է և չինական կողմը կարևորում է Հայաստանի առողջապահության զարգացումը: 2011 թվականից Հայաստանին նվիրաբերված շտապօգնության 88 ավտոմեքենանները կարևոր դերակատարություն ունեցան առողջապահության զարգացման և շտապ բուժօգնության ծառայությունը բարելավելու գործում:

Այս ծրագրով այժմ նոր սերնդի շտապ բուժօգնության 200 ավտոմեքենաներ ենք նվիրաբերում: Այն խոշորագույններից մեկն է Չինաստանի միջազգային բարեգործական նմանօրինակ ծրագրերի մեջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց դեսպանը:

shtap ognutyun2

Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալությունը հայտնեց Չինաստանի միջազգային համագործակցության զարգացման հիմնադրամին, Հայաստանի առողջապահության նախարարությանը, ինչպես նաև չինական կողմից ծրագրի իրականացման բոլոր պատասխանատուներին:

Դեսպանը տեղեկացրեց, որ նպատակ ունենալով արագ ապահովել հայկական շահառու կազմակերպությունների աշխատակիցների կողմից շտապ բուժօգնության մեքենաների և դրանցում տեղակայված սարքավորումների հետ ծանոթացումը, չինական կողմի նախաձեռնությամբ արտադրող ընկերությունը ուղարկել է մասնագետների: Արդյունքում, մոտ 350 բժիշկ, բուժքույր և վարորդ անցել է մասնագիտական վերապատրաստում:

shtap ognutyun1

Դեսպանը համոզմունք հայտնեց, որ հայ մասնագետներն առավելագույն ջանքեր կգործադրեն ազգաբնակչության շտապ բուժօգնության կազմակերպման, մարզերում շտապ բուժօգնության հասանելիության ապահովման և կանչերի առավել մեծ քանակի սպասարկման գործընթացում այս մեքենաների արդյունավետ օգտագործման համար:

«Չնայած այն հանգամանքին, որ մեր երկու երկրները հեռու են գտնվում իրարից, մեր ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Չինաստանի աջակցությունը Հայաստանին իրականացվում է անշահախնդիր:

Համոզված եմ, որ Չինաստանն ու Հայաստանը կշարունակեն համագործակցությունը տարբեր ոլորտներում և հայ-չինական կապերը կլինեն շարունակական ու ամուր»,-ասաց դեսպանը:

Կիսվել