Մամուլ

Չէր կարող գետը Թուրքիա տանել, քանի որ ունենք Աղբյուրակի ջրամբար․ Կամո Ցուցուլյան

Hraparak.am-ը գրում է․ Շարունակվում են մայիսի 4-ին Մարմարիկ գյուղում անհետացած 2-ամյա Տիգրանի որոնողափրկարարական աշխատանքները։ Առ այսօր փրկարարները չեն հայտնաբերել երեխայի հետ կապված ոչ մի իր։ Ներքին գործերի փոխնախարար, Փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ փրկարարներն ունեն երեխայի անհետացման իրենց վարկածը։

«Իմ պաշտոնավարման ժամանակ եղել է ջրահեղձի դեպք, երբ փրկարարները երկարատև աշխատանքի արդյունքում հայտնաբերել են: Դիտարկում ենք երեխայի անհետացման տարբեր վարկածներ, այդ թվում՝ գետն ընկնելը: Աշխատում ենք հիմա այդ ուղղությամբ, քանի որ գետը տանը շատ մոտ է»,-ասաց փոխնախարարը: 

Երեխայի գետն ընկնելու ականատես չկա, մնացած վարկածների առումով օպերատիվ աշխատանքներ է իրականացնում ոստիկանությունը:  Ցուցուլյանը բացառում է, որ գետը երեխային այլ պետության տարածք, օրինակ` Թուրքիա կտաներ։

«Չէր կարող գետը Թուրքիա տանել, քանի որ ունենք Աղբյուրակի ջրամբար, մենք ցանցեր ենք քաշել ջրամբարում»։ Փոխնախարարը անհրաժեշտություն չի տեսնում հարեւան պետություններին դիմելու․ «Բոլոր տեխնիկական միջոցներով ուսումնասիրություն ենք  սկսել»։

Փրկարարական աշխատանքների ժամկետը, ըստ նախարարի հրամանի՝ նախատեսվում է 10 օր, Ցուցուլյանի խոսքով՝ քանի որ երեխայի հայտնաբերման ուղղությամբ դրական ուրեէ արդյունք չկա՝ հագուստ, կոշիկ, նրա հետ առնչվող իր չեն հայտնաբերել, ուստի աշխատանքները շարունակելու են։ «Նախարարի եւ իմ հրամանով փրկակարական աշխատանքների ժամկետները երկարացվել է այնքան ժամանակ` որքան անհրաժեշտ է»,-շեշտեց նա։

Հիշեցնենք՝ մայիսի 15-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ին անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ 

ՆԳՆ-ից «Հրապարակ»-ին հայտնեցին, որ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։