Չեն ուզում, լավ, թող չլինի, հետո կտեսնենք, թե ինչ կլինի. Ալիև
Չեն ուզում, լավ, թող չլինի, հետո կտեսնենք, թե ինչ կլինի. Ալիև
Հայկական կողմից հասկանում են, որ խաղաղության պայմանագրի բացակայության և ուժեղ Ադրբեջանի առկայության դեպքում իրենք մտահոգություններ կունենան։
Մյուս կողմից, նրանք հասկանում են, որ եթե խաղաղության պայմանագիր է կնքվում, ապա այն պետք է անպայման դրույթ պարունակի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին, և իրենք պետք է պատրաստ լինեն դրան։ Այս մասին տեղական լրատվամիջոցի հետ հարցազրույցի ընթացքում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հայերն, ինչպես ասում են, երկու քարի արանքում են մնացել։ Բայց նրանք պետք է ընտրություն կատարեն, ճիշտ ընտրություն։ Երաշխավորված չէ, որ մեր բարեկամական վերաբերմունքը հավերժ կմնա, և այդ առաջարկները միշտ դրված կմնան սեղանին։ Եթե նրանք չեն ուզում ճանաչել մեր տարածքային ամբողջականությունը, ապա մենք էլ չենք ճանաչի նրանց տարածքային ամբողջականությունը։
Մենք դրա համար հարյուրապատիկ ավելի շատ պատճառներ ունենք։ Որովհետև բոլորը, այդ թվում՝ համաշխարհային հանրությունը, քաջատեղյակ են, որ 1920 թվականի նոյեմբերին մեր պատմական հողը՝ Զանգեզուրը, անջատվեց մեզնից և միացվեց Հայաստանին։
Նույնպես և Գյոյչան (նկատի ունի Սևանա լիճը-խմբ.): Իրեվան (Երևան-խմբ.) քաղաքը Հայաստանին է փոխանցվել 1918 թվականի մայիսի 29-ին։ Այսինքն, մենք, ինչպես ասում են, շատ պատճառներ ունենք՝ չճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Բայց, չնայած դրան, հանուն ապագա խաղաղության, հանուն երկրների հարաբերությունների բարելավման, մենք պատրաստ ենք դրան։ Բայց ես չեմ կարող երաշխավորել, որ վեց ամսից այդպես կլինի։ Չեն ուզում, լավ, թող չլինի։ Հետո կտեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Ալիևը: