Չենք էլ հասցրել նորմալ փաթաթվել․ ինչ են պատմում գերությունից վերադարձած տղաների հարազատները (Տեսանյութ)
Չենք էլ հասցրել նորմալ փաթաթվել․ ինչ են պատմում գերությունից վերադարձած տղաների հարազատները (Տեսանյութ)
Factor.am-ը գրում է․ Բաքվի գերությունից երեկ երեկոյան հայրենիք վերադարձած տղաները, որոնցից 4-ը Գյումրիից են, մեկը՝ Վանաձորից, այսօր առավոտից հարցաքննվում էին: Հարազատները ժամեր շարունակ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի դիմաց սպասում էին:
Հայաստան վերադառնալուց հետո նրանց նախ տեղափոխել էին Մուրացանի կենտրոնական զինվորական հոսպիտալ: Միայն ծնողներն էին կարողացել տեսակցել, մի քանի բառ փոխանակել։ Այսօր հարազատները տեսախցիկի առաջ խոսել չցանկացան, միայն Մարտին Աղրամանյանի ազգական Սամվել Աղրամանյանը որոշ մանրամասներ հայտնեց։
«Տղաներին տարել են Մուրացան, այնտեղ ծնողներն են հերթով տեսակցել 5-10 րոպեով, ասում են՝ չենք էլ հասցրել կարգին փաթաթվենք։ Առավոտյան էլ տեղափոխել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն»,- պատմեց նա։
Գերության մեջ գտնվելու ողջ ժամանակահատվածում, Սամվել Աղրամանյանի խոսքով, նամակների, հեռախոսազանգերի և տեսաուղերձների միջոցով տղաները կապ են հաստատել ընտանիքների հետ: Իրենց որդիներին ընդամենը մի քանի րոպե տեսակցած հարազատներն ասում են՝ առողջական խնդիրներից չեն բողոքել։
Ըստ հարազատների՝ մամուլից են իմացել, որ գերիների նոր խումբ է վերադառնում, իսկ թե ինչպես է տեղի ունեցել փոխանցումը հայկական կողմին, չգիտեն:
ՀՀ ԱԱԾ-ն ևս այդ մասին տեղեկատվություն չէր հրապարակել, միայն ադրբեջանական լրատվամիջոցներն էին ավելի վաղ գրել, որ գերիների փոխանցումը տեղի է ունենալու Հայաստանի հետ սահմանային կետերից մեկում։
Մինչև 5 ռազմագերիներին հայկական կողմին փոխանցելը՝ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Ադրբեջանի դատարանը մեղմել է 4 հայ ռազմագերիների դատավճիռն ու նրանց ազատ արձակել։
Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ գերությունից բոլոր վերադարձածները նախ հարցաքննվում են, ապա նրանց կարգավիճակը հստակեցվում է:
Շուրջ 10 ժամ տևած հարցաքննությունից հետո տղաները ոստիկանների ուղեկցությամբ տուն վերադարձան, այլ մանրամասներ ճշտել մեզ չհաջողվեց։ Չկարողացանք զրուցել նաև տղաների հետ, որոնք այլ մուտքից էին դուրս եկել։
Քննչական կոմիտեից ասացին՝ հարցաքննության արդյունքներն են ճշտում։
Զինվորներից չորսը՝ Մարտին Աղրամանյանը, Աշոտ Գևորգյանը, Ֆելիքս Գրիգորյանը և Վարազդատ Մանուկյանը, գերեվարվել էին Խծաբերդի դիրքերից 2020 թվականի դեկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի հրադադարի մասին հայտարարությունից հետո, իսկ Էդիկ Հովսեփյանը՝ 2021-ի նոյեմբերի 16-ին՝ Սյունիքում հայ-ադրբեջանական սահմանային բախման ժամանակ։
Մանրամասները՝ Factor TV-ի տեսանյութում