Մամուլ

«Չեմ հավատում, որ տղաս փախել է զորամասից». անհետ կորած զինվորի մայր

«Չեմ հավատում, որ տղաս փախել է զորամասից». անհետ կորած զինվորի մայր

Շուրջ երկու տարի անհետ կորած համարվող ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանի կողմից զորամասն ինքնակամ լքելու փաստով հարուցված քրեական գործը 5 ամիս առաջ կասեցվել է։ Տեղեկությունը News.am-ին հայտնեց փաստաբան Լուսինե Վիրաբյանը։

«Քննիչի որոշմամբ՝ 2022 թվականի սեպտեմբերին գործը կասեցվել է մեղադրյալի վայրն անհայտ լինելու պատճառով, այսինքն՝ իրենք «փնտրել են» Նորիկին ու չեն գտել, ըստ քրեական դատավարության՝ եթե հետախուզման մեջ գտնվող մեղադրյալը չի գտնվում, գործի վարույթը կասեցվում է այնքան ժամանակ, քանի դեռ չի հայտնաբերվել մեղադրյալը»,– ասաց Լուսինե Վիրաբյանը։

Նորիկի մայրը՝ Լիլիթ Աղաբաբյանը News.am-ի հետ զրույցում նշեց՝ պատշաճ քննություն չի տարվել, անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել որդուն հայտնաբերելու ուղղությամբ։

«Ոչ մի բան չեն արել, դրա համար էլ առ այսօր երեխու գտնվելու վայրն անհայտ է։ Եթե իրենք չեն տեսել, որ Նորիկը լքել է զորամասը, ինչպե՞ս կարող էին այդ հատկանիշներով մեղադրանք առաջադրել նրան։

norik mkrtchyan

Ես չեմ հավատում, որ իմ տղան կարող էր փախչել զորամասից, հնարավոր չէ, որ ինքն ինձ հետ կապի դուրս չգար էդ դեպքում այս ամիսների ընթացքում։ Իսկ, եթե իմ երեխան փախել է, ապա թող գտնեն  ու դատեն, ես համաձայն եմ, մենակ թե իմ երեխու շունչը բերանին տան ինձ»,– ասաց Լիլիթը։

Մայրը չի բացառում, որ որդին գերի է ընկել, կամ էլ ինչ–որ բան է տեղի ունեցել Նորիկի ու ծառայակիցների միջեւ, որից հետո նրան սպանել են ու փորձում են կոծկել գործը։

«Կարող է սպաների, ծառայակիցների հետ խնդիրներ է ունեցել Նորիկը, ամեն ինչ էլ հնարավոր է։ Ինքն էդ բնավորությունը չուներ, որ ինձ ինչ–որ բան պատմեր։ Ես նրա հետ վերջին անգամ մայիսի 14–ին եմ զրուցել, ոչ մի արտառոց բան չեմ նկատել, ինքն անգամ չէր ասել, որ վատառողջ է։

Կրկնում եմ՝ իսկ  եթե տղաս փախել է, թող գտնեն ու դատեն, բայց իմ երեխեն հնարավոր չէ փախչեր ու  այս ընթացքում ինձ հետ կապի դուրս չգար, դա բացառվում է։ Դիրքի ավագի հետ առերեսման ժամանակ քննիչը չէր թողնում, որ նա խոսի, այնպես էր քննիչն իրեն պահում, ոնց էր ինքը ներկա եղել այնտեղ։

Նորմալ քննություն չարած՝ գործը կասեցնում են, ինչո՞ւ, եթե վարույթն իրականացնող մարմինը ցանկանար, ապա այս գործը վաղուց էր բացահայտել»,– նշեց անհետ կորած զինվորի մայրը՝ Լիլիթ Աղաբաբյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել