Չեմ բացառում, որ թիկունքից կառավարվող գործողություններ են. Փաշինյանը՝ Իջևանի դեպքերի մասին․ Տեսանյութ
Երբեմն այնպիսի տպավորություն կարող է ստացվել կողքից, որ ասենք Իջևանում, Նոյեմբերյանում, Բերդում, Թումանյանի տարածաշրջանում բոլորը զբաղված են փայտ կտրել և վաճառելով: Ամենևին այդպես չէ: Դա մարդկանց շատ նեղ շրջանակ է, որ երկար տարիներ իր կոռուպցիոն կապերով ստեղծել է որոշակի լծակներ, ցանց, և, ըստ էության, այսօր մենք գործ ունենք այդ ցանցի հետ:
Հասկանալի է, այո, վերջերս, եթե չեմ սխալվում, Դուք ասեցիք տարբեր տեղերում կան քրեական գործեր, բայց եթե չեմ սխալվոմ, մենք ունենք քրեական գործ Ազգային անվտանգության ծառայությունում՝ հենց կազմակերպված ցանցի կողմից այդ գործողություններն իրականացնելու: Ես չեմ բացառում, որ այս գործողությունները նաև, այսպես ասած, թիկունքից, ետնաբեմերից կառավարվում են պոտենցիալ այն մարդկանց կողմից, ովքեր անխուսափելիորեն կրելու են քրեական պատասխանատվություն:
Պարոն Մովսիսյան, ասում եք՝ կարող է էլի դրսևորումներ լինեն, ուզում եմ հստակ լինենք. ոչ մի կոմպրոմիս չի լինելու, ոչ մի ապօրինի կոմպրոմիս չի լինելու: Ես շատ հստակ խնդիրը դնում եմ իրավապահ համակարգի առաջ և այստեղ Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, մյուս իրավապահ մարմինների գործունակության խնդիրն է դրված:
Ապօրինի գործունեության հետ ոչ մի կոմպրոմիս չի լինելու: Հայաստանի կառավարության հետ որևէ մեկը չի կարող շանտաժով խոսել, և սա գործնականում կյանքի կոչելը իրավապահ համակարգի խնդիրն է:
Բայց ես ուզում եմ արձանագրենք, որ մենք այստեղ միայն պատժողական տրամաբանությամբ պիտի չառաջնորդվենք: Դուք խոսեցիք զուտ բնապահպանական տրամաբանության մասին, բայց շատ կարևոր է արձանագրել ևս մի բան:
Օրինակ, այսօր Տավուշի մարզը տուրիզմի առումով ամենադինամիկ և ամենամեծ զարգացումն ապահովող մարզն է: Հարյուրավոր մարդիկ տարբեր երկրներից գալիս են ուղղակի անտառում քայլելու, ուրիշ որևէ բան այդ մարդկանց չի հետաքրքրում: Եվ մենք պետք է կարողանանք մեր հայրենակիցներին, ի վերջո, հասցնել, որ անտառը չկտրելով՝ իրենք կարող են ավելի մեծ գումարներ վաստակել:
Իմիջիայլոց, ես ուզում եմ ասել՝ եկեք գնանք Իջևանում, Լոռիում, Նոյեմբերյանում, Բերդում, մարդիկ կան, որ 30 տարի անտառ կտրելով են զբաղված, շարքային քաղաքացիներ, նրանք ինչպես աղքատ եղել են, այդպես էլ շարունակում են աղքատ մնալ, նրանց կյանքում ոչ մի բան չի փոխվում:
Այո, շատ փոքր խումբ մարդիկ՝ մի քանի հոգի, նրանց աշխատանքի և, ըստ էության, նրանց շահագործելու արդյունքում հարստանում են, բայց այն բուն, այն սևագործ մարդկանց կյանքում, ովքեր այդ բենզապիլան ձեռքներին անտառներում զբաղված են այդ փայտը քարշ տալով և բեռնատարների մեջ բարձելով, նրանց կյանքում վերջին 30 տարում ոչ մի բան չի փոխվել. ինչպես եղել են խեղճ ու կրակ, այդպես էլ մնացել են խեղճ ու կրակ:
Եվ այս փաստը պետք է վկայի մեզ բոլորիս, որ գնում ենք սխալ ճանապարհով: Պետք է այդ անտառը մեզ համար լինի ոչ թե ոչնչացման միջոցով ինչ-որ նյութական միջոցներ ձեռք բերելու միջոց, այլ, ընդհակառակը, անտառի պահպանման միջոցով պետք է մենք կարողանանք նյութական միջոցներ գեներացնել: