Չարենցավանի կինոթատրոնի շենքը նախատեսվում է վերականգնել որպես մանուկների կրթության և մշակութային կենտրոն. Կոտայքի թեմ
Չարենցավանի կինոթատրոնի շենքի վերաբերյալ Կոտայքի թեմը հայտարարություն է տարածել։
«Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ, Չարենցավան քաղաքի հարգարժան բնակիչներ,
Կոտայքի թեմը խորին երախտագիտություն է հայտնում ձեզ՝ տարիների ընթացքում ցուցաբերած ձեր համբերության, հավատարմության և հոգատար վերաբերմունքի համար, որը մշտապես մեզ զորացրել է մեր հոգևոր և մշակութային առաքելության ճանապարհին։
Տարիներ առաջ Չարենցավան քաղաքի կինոթատրոնի շենքը հանձվեց Կոտայքի թեմին՝ նպատակ ունենալով վերածել այն համայնքի կարիքների համար ծառայող եկեղեցապատկան կենտրոնի։ Ցավոք սրտի, ֆինանսական սահմանափակումների պատճառով երկար ժամանակ հնարավոր չի եղել իրականացնել շինության վերանորոգումը և դրա գործարկումն ըստ նպատակի։ Մենք լիովին հասկանում ենք ձեր սպասումը և այդ հարցում ունեցած ցավն ու մտահոգությունը։
Այսու տեղեկացնում ենք բոլոր մտահոգ քաղաքացիներին, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և Կոտայքի թեմն ունեն մշակած ծրագիր, ըստ որի՝ կինոթատրոնի շենքը նախատեսվում է վերականգնել որպես մանուկների կրթության և մշակութային կենտրոն։ Այս կենտրոնը կծառայի մեր մանուկներին՝ դառնալով քրիստոնեական դաստիարակության, ստեղծագործ մտքի և ազգային արժեքներով լցվելու օջախ։ Այս ծրագիրն արդեն ընթացքի մեջ է։ Վստահ ենք, որ համատեղ ջանքերով և Աստծո օգնությամբ առաջիկայում այն անպայման կիրականացվի և Չարենցավանի սրտում իր դռները կբացի վերանորոգված և կյանքով լի մի կենտրոն, որից կօգտվեն հարյուրավոր ընտանիքներ։
Մեր երախտագիտությունն ենք հայտնում ամենքիդ, որ շարունակում եք մեզ հետ կրել հոգևոր-մշակութային կենտրոն կերտելու մեր տեսլականը։ Ձեր համբերությունը մեր հույսի, ձեր հավատարմությունը՝ մեր տոկունության աղբյուրն է։
Թող Ամենակալ Տիրոջ օրհնությունը լինի մեր ժողովրդի բոլոր զավակների հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից․ ամեն»,- ավսում է հայտարարությունում։