Մամուլ

Չարբախում «դերասան» «Ռազը» վեճի ժամանակ սպանել է բանգլադեշցի Գոռին, տեսախցիկը ֆիքսել է սպանությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթանում է Ռազմիկ Հովհաննիսյանի գործի դատական քննությունը:

23-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի մայիսի լույս 4-ի գիշերը՝ ժամը 00:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրակի փողոցի 62/3 հասցեում գործող ավտոլվացման կետի դիմաց Ռազմիկ Հովհաննիսյանը «գումարային պարտք ու պահանջի հարցի շուրջ» վիճել է իր ծանոթ, 26-ամյա բանգլադեշցի Գոռ Գ.-ի հետ:

Ըստ մեղադրանքի՝ վիճաբանության ժամանակ Գոռը հայհոյել է Ռազմիկի ծնողների հասցեին, ինչի պատճառով Ռազմիկ Հովհաննիսյանը Գոռին կյանքից զրկելու դիտավորությամբ մեկսայրանի շեղբ ունեցող ծակող-կտրող առարկայով երեք անգամ հարվածել է Գոռի գլխին, կրծքավանդակի ու որովայնի ձախ մասերին:

Գոռի առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ գլխի ձախ կեսի կտրած վերք, կրծքավանդակի ձախ կեսի չթափանցող վերք և որովայնի ձախ կեսի թափանցող ծանր վերք, որն իր ընթացքով վնասել է որովայնի ուղիղ մկանի փակեղները, ուղիղ մկանը, որովայնամիզը, մեծ ճարպոնը, բարակ աղու գալարները, որովայնային աորտան և ուղեկցվել է ներքին առատ արյունահոսությամբ: Գոռ Գ.-ին դանակով հարվածներ հասցնելով՝ Ռազմիկ Հովհաննիսյանը դիմել է փախուստի:

Գոռ Գ.-ի արնաշաղախ մարմինը հայտնաբերվել է «Չարբախի փոս» կոչվող վայրում: Բուն դանակահարության պահը ֆիքսվել է դանակահարության վայրում գտնվող տեսախցիկի կողմից: Ռազմիկ Հովհաննիսյանը հայտնաբերվել է, նա իրավապահներին ներկայացել է որպես դերասան, ասել է, թե նկարահանվել է մի քանի սերիալներում:

Ռազմիկ Հովհաննիսյանը նախկինում դատվածություններ ունի՝ 2014 թվականին նա դատապարտվել է տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար, նրա նկատմամբ կիրառվել է համաներում, նա ազատվել է պատժի կրումից, իսկ դեպքից մոտ մեկ տարի առաջ՝ 2017 թվականի մայիսին, Ռազմիկ Հովհաննիսյանը երկու բաճկոն է գողացել «Դալմա Գարդեն Մոլից», բաճկոններն իրար վրայից հագել ու դուրս է եկել առևտրի կենտրոնից: Կատարված գողությունը հայտնաբերվել է տվյալ սրահում տեղադրված տեսախցիկների տեսագրությունն ուսումնասիրելու արդյունքում: Գողության հաջորդ օրը Ռազմիկը նորից գտնվել է «Դալմայում», անվտանգության ծառայության աշխատողները ճանաչել են նրան, պարզաբանումներ են պահանջել, Ռազմիկը խոստովանել է կատարածը:

2017 թվականի հոկտեմբերի 31-ին Ռազմիկ Հովհաննիսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել է 250 հազար դրամ տուգանքի: Ընդ որում՝ նրան գողության համար դատել ու դատապարտել է նույն դատավորը, ով ներկայումս նրան դատում է սպանության մեղադրանքով՝ Կարեն Ֆարխոյանը:

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է: Ներկայացել էին երկու վկաներ, որոնցից առաջինը իրեն բավական հանդուգն էր պահում դատարանում: Նախ հայտարարեց՝ եթե նիստը ժամանակին չսկսվի, ինքը կհեռանա ու մեկ էլ կվերադառնա երեք տարի անց: Երբ, այնուամենայնիվ, նա համբերեց մինչև նախագահող դատավորի ներս մտնելն ու նիստը սկսելը, հրավիրվեց հարցաքննության, հրաժարվեց հանել գլխին դրված կեպին:

Նա ցույց տվեց կալանավորին ուղեկցող ոստիկանին ու ասաց. «Էս մեր ախպերը մինչև գլխարկը չհանի, ես իմը չեմ հանի»: Նախագահողը հինգ րոպե ընդմիջում հայտարարեց, փոքրիկ առանձնազրույց ունեցավ վկայի հետ: Հարցաքննության պահին վկան հանեց կեպին, իսկ հետո հարցրեց. «Վերխս էլ հանե՞մ»: 30-ամյա Վլադիկ Ա.-ն հայտարարեց, թե կրթություն չի ստացել, ինչի պատճառով դատավորի հետ խոսում է «դու»-ով: Վկան հայտարարեց, թե նախկինում դատված չի եղել ու չի էլ լինելու:

Նա նշեց, որ դեպքը տեսել է «տելեվիզորով»՝ երկու տղա իրար «տփում էին», այնուհետև ավելացրեց, որ մեռնողը՝ Գոռ Գ.-ն, իրեն «հարազատ տղայա», իրենք «մի ռայոնից են»: Վկան ասաց, որ մոտ 15 տարի ճանաչել է Գոռին, վերջին անգամ նրա հետ խոսել ու նրան հանդիպել է նրա մեռնելու օրը: Զանգել է Գոռը, ինքն իմացել է, թե նա որտեղ է, գնացել ու հանդիպել է նրան: Գոռն ասել է, թե Մալաթիայի «լոմբարդ» պիտի գնա՝ ոսկու տոկոս փակելու, այդ պատճառով փող է ուզել վկայից, վերջինս էլ տվել է՝ մոտ հինգ հազար դրամ: Գոռը հեռացել է:

Դրանից հետո վկան Գոռին չի տեսել, իմացել է նրա մահվան մասին. «Վռազ իմացել եմ՝ ոնց որ մարդիկ կիմանան իրանց հարազատի մահվան մասին»: Վկան նշեց, թե Գոռի մահվան մասին իմացել է նրա հոր հետ հեռախոսային խոսակցությունից. «Ես ասի՝ ի՞նչ ա էղել, նա էլ ասեց՝ հիվանդանոց եմ էթում»… Իմացա՝ կռիվ ա էլել, Գոռին խփել են, հիվանդանոցում մեռել ա…»:

Վկան ասաց, որ դիտել է համացանցում եղած տեսանյութը՝ դեպքը պատկերող, բացի Գոռից՝ ներկաներից ոչ մեկին չի ճանաչել… Ի՞նչ գիտեր Գոռի ունեցած խնդիրների, պարտքերի մասին՝ հարցին վկան պատասխանեց. «Ես էնքան պրոբլեմ ունեմ, մեկը լիներ՝ իմ պրոբլեմները լուծեր, դուք էլ էկել, ինձանից եք հարցնում Գոռի պրոբլեմների մասին… Ինչ վիդեոյով տեսել եմ՝ էդ գիտեմ, ինձ ինչի՞ եք ամեն օր զանգում, դատարան կանչում… Հա, Գոռը պարտքեր ուներ, բայց ո՞վ պարտքեր չունի…»:

Ավելին վկան չհայտնեց, միայն ասաց, թե ինքը մականունավոր չէ, իսկ երբ դատավորը հայտարարեց, որ նրա հարցաքննությունն ավարտված է, նա հարցրեց. «Էլ չկա՞մ ես էս գործի մեջ»: Ու ամբողջ կեցվածքով արհամարհանք արտահայտելով՝ դուր եկավ դահլիճից: Երկրորդ վկան իրեն ավելի հանգիստ դրսևորեց: 28-ամյա Լևոն Ա.-ն նույնպես հայտնեց, որ «շուտվանից» ճանաչել է տուժող Գոռին, ապրել են նույն թաղամասում՝ Անդրանիկի փողոցի շենքերում:

Վերջին անգամ Գոռին տեսել է դեպքի օրը: Օրվա ընթացքում հանդիպել են ինքն ու Գոռը, հետո իրենց է միացել ևս մի ընկեր՝ նույնպես Գոռ անունով: Իրար հետ «շեմուշկա» են կերել, «պիվա» են խմել: Այնուհետև տուժող Գոռի առաջարկով կեսգիշերին մոտ պատահական տաքսիով գնացել են Չարբախ՝ Գոռն ասել է, թե «մեկին պիտի տեսնի»: «Ես չխորացա՝ ինչ հարցով»,- ասաց վկան:

Հասել են Չարբախ՝ ձիարշավարանի մոտակայքը, իջել են տաքսուց: Ըստ վկայի՝ այդտեղ իրենց ոչ ոք չի մոտեցել, Գոռն իրենց ասել է՝ դուք սպասեք, ես գնամ մեկին տենամ ու գամ: Իրենք էլ սպասել են, առաջ չեն գնացել: Ինքը ամբաստանյալ Ռազմիկ Հովհաննիսյանին չի ճանաչում, դեպքի վայրում նրան չի տեսել: Ինքն ու ընկերը «տարածքում ման են եկել» և սպասել: Գոռն ուշանում էր:

Նրանց է մոտեցել մի տղա ու ասել է, թե իրենց ընկերոջ հետ ոնց որ թե կռիվ է եղել, կարող ա՝ մեկը մյուսին խփելա, մեկը փախել ա… Անորոշ բաներ է ասել՝ ըստ վկայի: Լևոն Ա.-ն նշեց, որ ինքն ու ընկերը սկսել են Գոռին փնտրել, զանգել են նրա հեռախոսին, նա չի պատասխանել: Այդպես էլ Գոռին չեն գտել և գնացել են տուն: Իսկ առավոտյան իմացել է, որ Գոռը մահացել է: Վկան նշեց, որ Գոռը կարող էր պարտքեր ունենալ, ասենք՝ իրենց խանութին, բայց ինքը նրա լուրջ պարտքերի մասին չի լսել…

Դատարանը հրապարակեց նաև այս վկայի նախաքննական ցուցմունքները, քանի որ նախաքննության ժամանակ նա ասել էր, որ երբ իրենք Չարբախում իջել են տաքսուց, իրենց դիմավորել են մի քանի տղաներ: Նրանցից մեկը, որի գլխին կեպի կար, Գոռին ասել է՝ արի քայլենք վերև, Ռազին տենանք, խոսանք, բարիշենք: Այդ նույն տղան իրենց ասել է՝ տղերք, չանհանգստանաք: Նա ու Գոռը գնացել են, իսկ ինքն ու ընկերը մնացել են կանգնած…

Քննիչի հարցին՝ լսե՞լ է վկան, որ Գոռը, ասենք, 3 միլիոն դրամ կամ 100 հազար դրամ պարտք ունենար, վկան պատասխանել է, թե ավելի հավանական է, որ Գոռը 100 հազար դրամ պարտք ունենար, եթե նա 3 միլիոն դրամ պարտք ունենար, ինքն այդ մասին կիմանար… Լևոն Ա.-ն ասաց, թե նախաքննության ժամանակ հայտնել է միայն ճշմարտությունը:

Տուժողի հետ դեպքի վայր գնացած մյուս ընկերը՝ նույնպես Գոռ անունով, դեպքից մի քանի օր անց Հայաստանից մեկնել է Ռուսաստան, մինչև այժմ չի վերադարձել՝ այս տեղեկությունը հայտնեց Լևոն Ա.-ն՝ ասելով, թե նույն բակի բնակիչներ են, գիտի, որ ընկերը Հայաստանում չէ: Դատարանը բերման ենթարկելու որոշում կայացրեց չներկայացող վկայի վերաբերյալ, իսկ Գոռ Ս.-ի վերաբերյալ պաշտոնական հարցում կկատարվի:

Դատական հաջորդ նիստին վկաների հարցաքննությունը կշարունակվի:

Կիսվել