Մամուլ

Չարաշահումներ զորամասերից մեկում․ քննչական կոմիտեն նոր բացահայտումներ է կատարել

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում N զորամասում բացահայտվել են  չարաշահումների դեպքեր. մեղադրանք է առաջադրվել զորամասի շտաբի օպերատիվ բաժնի կառավարման կետերի բաժանմունքի նախկին օպերատիվ հերթապահին:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ N զորամասի շտաբի օպերատիվ բաժնի կառավարման կետերի բաժանմունքի նախկին օպերատիվ հերթապահը` կոչումով մայոր, կաշառքի դիմաց օժանդակել է ժամկետային զինծառայողներին՝ խաբեության եղանակով ժամանակավորապես դադարեցնել զինվորական ծառայության պարտականությունները:

Մասնավորապես՝ մայորը 2017-2018թթ. ընթացքում գումարի դիմաց զինծառայողի հարազատի մահվան կամ հարսանիքի մասին վկայող մտացածին պատճառաբանություններով հեռախոսագրեր է հասցեագրել զորամասին, որոնք էլ հիմք են հանդիսացել զինծառայողներին կարճատև արձակուրդ տրամադրելուն՝ նրանց զինվորական ծառայության պարտականությունները խաբեության եղանակով ժամանակավորապես դադարեցնելուն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մայորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-363-րդ հոդվածի 3-րդ մասով (2 դրվագ), 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-363-րդ հոդվածի 3-րդ մասով (7 դրվագ):

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Զինվորական քննչական գլխավոր վարչություն

Կիսվել