Մամուլ

«Չայնիի» ոլորանների հայտնի ջրափոսի պատճառով` «Mercedes»-ը բախվել է բետոնե պարսպին. կա 1 զոհ, 3 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս հայտնվել է անձրևաջրերի հետևանքով ճանապարհին առաջացած ջրափոսում, ապա առաջ ընթացել, բախվել պաշտպանիչ բետոնե հենապատին ու հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները և «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:

Վիրավորներից մեկին հիվանդանոց են սեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով:

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աբովյանի բաժնի պատհպանվող հատուկ տարածք:

ֆոտոլրագրողը հայտում է, որ նշված հատվածում տարիներ շարունակ ճանապարհի անհարթ լինելու պատճառով, երբ անձրև է լինում, անձրևաջրերը կուտակվում են ու վարորդները հայտնվում են այդ ջրափոսում և տեղի է ունենում վթար, այդ թվում՝ ողբերգական:

Նմանատիպ վթարներից հետո պատկան մարմինները, այդ թվում՝ ճանապարհը սպասարկող ճանշինը խոստանում են, որ խնդիրը կլուծեն, սակայն մինչև այժմ ոչ մի դրական արդյունք:

Կիսվել էջում