«Ուրեմն հայկական բանա՞ն կա»․ Սարգսյանը այցելել է 78-ամյա Մելիս Բաբայանի հիմնած արևադարձային այգի. Տեսանյութ
«Ուրեմն հայկական բանա՞ն կա»։ Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Այգեձոր սահմանամերձ համայնքում այցելել է Մելիս Բաբայանի հիմնած արևադարձային այգի։
78-ամյա գյուղատնտեսը հիմնել է յուրօրինակ արևադարձային բույսերի և ծառատեսակների այգի։ Խնձորենու և սալորենու կողքին նա աճեցնում է կիվիի, բանանի ծառեր և արմավենիներ:
Նախագահը շրջել է այգում, զրուցել սրտացավ այգետիրոջ հետ, հետաքրքրվել բերքի իրացմամբ և հաջողություններ մաղթել նրան:
«Մելիս Բաբայանին հանդիպեցինք, ով կյանքի մի մասը ծննդավայրից դուրս անցկացնելուց հետո վերադարձել է և այգի գնել: Այս այգու մեջ ստեղծագործություն կա, դրանում կան մեր ավանդական ծառերը, մրգերը, բանջարեղենը»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախագահը՝ ողջունելի համարելով, որ դրանց կողքին այգու տերը փորձում է, օրինակ, արմավենի աճեցնել:
«Սրա մեջ իմաստ կա,-ասել է նախագահը,-քանի որ փորձելով անհնարինը՝ հաճախ կարող ես տարօրինակ արդյունքներ ստանալ»: