«Ուրալ»-ով փրկեց խաղաղ բնակիչների կյանքը, իսկ պետությունը մեքենան ցանկանում է նրանից խլել
«Ուրալ»-ով փրկեց խաղաղ բնակիչների կյանքը, իսկ պետությունը մեքենան ցանկանում է նրանից խլել
Ռոբերտ Բադասյանը ծառայում էր Ներքին Հոռաթաղի հրետանային զորամասում։ Այս մասին գրում է MediaHub-ը։ Սեպտեմբերի առաջին տասնօրյակում տագնապով դիրք էր բարձրացել։
Վրանում պառկած իր հանգստի ժամն էր, երբ առաջին հրթիռը պայթեց․ կռվել մինչև վերջին շունչը։ Մինչև հաջորդ օրը ոչ ոք չի լքել դիրքը, կռվել ու բազմաթիվ կորուստ են պատճառել ադրբեջանական բանակին։
Կրակի դադարից հետո Ռոբերտն «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով զորքին իջեցրել է դիրքերից, որ հասցնի Մեհմանա գյուղ։ Ասում է անգամ մոռացել էր, որ այդ օրն իր ծննդյան տարեդարձն էր՝ 28-ամյակը։
«Զինադադարը միակողմանի էր, ադրբեջանական կողմը շարունակաբար կրակում էր ու արդեն թիկունք մտած զորքը ահաբեկում էր գյուղերում մնացած խաղաղ բնակիչներին։ Մարդիկ տներում չէին, այլ հիմնականում անտառներում։ Փոքր երեխաների հետ գնում էին դեպի անորոշություն։ Սարսափելի էր տեսարանը»,- ասում է նա։
Ստեփանակերտցի երիտասարդն անտարբեր չէր կարող անցնել այդ ամենը տեսնելով։ Վճռական որոշումը հարյուրից ավելի խաղաղ բնակիչների համար դարձել էր ճակատագրական։
«Ադրբեջանցիներն արդեն Կաշենի հանքավայրին հարակից Վարդաձոր, Ճանկաթաղ գյուղերում էին և շարունակաբար կրակում էին՝ ինչով ասես։ Տեղում որոշեցի զորքի հետ վերցնել նաև խաղաղ բնակիչներին, այն խոստումով, որ նորից հետ կգամ ու մյուսներին կտեղափոխեմ։ Վարդաձորից (Գյուլաթաղ) Գագո անունով մի մարդ կար, շատ երեխաներ ուներ, մինչև վերջին պահը զենքը վայր չի դրել ու այդպես մի զենքով փորձել է ուղեկցել համագյուղացիներին: Իր հետ 3 անգամ գնացի ու հետ եկա, բոլորին հասցրեցի Դրմբոն։ Խոսքը 50 կիլոմետրի մասին է»,- MediaHub-ին պատմում է Ռոբերտ Բադասյանը։
Ռոբերտը խաղաղ բնակչությանն օգնություն է ցուցաբերել առանց որևէ մեկի հրամանի, դժվարության մեջ հայտնված հայրենակիցների հանդեպ զգալով պատասխանատվության զգացում։
Ինքը «Ուրալ» մեքենա վարել անգամ չգիտեր, անտառային ճանապարհին էլ ծանոթ չէր, բայց պետք էր րոպե առաջ դուրս բերել բնակչությանը, հակառակ դեպքում՝ նրանք էլ կարժանանային դաժան ճակատագրի։
MediaHub-ը կապ հաստատեց վարդաձորցի Էլմիրա Մկրտումյանի հետ։ Վերջինս, որ մոռացել էր Ռոբերտի անունը, օրհնում ու ասում է՝ «փրկվեցինք նրա շնորհիվ»։
«Չնայած կրակը դադարեցնելու հրաման կար, բայց օդում բեսպիլոտնիկները աշխատում էին։ Դժոխք էր մեր կողքին։ Այդքան մարդու կյանք վտանգված էր։ Օդային հարվածով հրթիռը պայթեց մեր կողքին, մենք պառկել էինք գետնին, բոլորս լացում էինք։ Այդ երիտասարդը եկավ ու մեզ տեղավորեց իր կուզովում, հանեց»,- պատմում է Ալավերդու գյուղերում ապաստանած կինը։
Պետությունն այժմ Ռոբերտից ցանկանում է վերցնել «Ուրալը», որի վրա առկա է կրակոցների հետքերը։ Տեղահանության ժամանակ այդ մեքենայով նա մարդկանց է տեղափոխել Հայաստան՝ հրաժարվելով իր փոքր անձնական մեքենայից, որը մնացել է Արցախում։