«Ումի՞ց եւ ինչի՞ համար պետք է փախնեմ, ի՞նչ եմ արել, որ փախնեմ». Սամվել Բաբայանը խոսել է դատարանում
«Ումի՞ց եւ ինչի՞ համար պետք է փախնեմ, ի՞նչ եմ արել, որ փախնեմ». Սամվել Բաբայանը խոսել է դատարանում
Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանավորման որոշման դեմ բողոքի դռնփակ քննությունն ավարտվեց: Դատարանը որոշում կկայացնի վաղը առավոտյան ժամը 10-ին:
Սամվել Բաբայանին աջակցելու էին եկել նրա ազատամարտիկ ընկերները՝ Գագիկ Մելքոնյանը, Սմբատ Հակոբյանը, Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Համախմբում կուսակցության անդամ Անդրանիկ Թեւանյանը եւ այլք: Դատարան էր եկել նաեւ Սամվել Բաբայանի որդին՝ Անդրանիկը:
Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը: Ինչպես հայտնի է, Սամվել բաբայանը ցանկություն էր հայտնել ներկա գտնվել այս նիստին եւ դատարանը բավարարել էր միջնորդությունը:
Փաստաբանը փոխանցեց, թե դատարանում ինչ է ասել Սամվել Բաբայանը. «Նա հանգամանորեն ներկայացրեց, որ ինքը ոչ մի կապ չունի իրեն մեղսագրվող արարքների հետ, իրեն անիմաստ են պահում, ոչնչով հիմնավորված չի այդ մեղադրանքները:
Ասաց, որ ինքը չի փախնի, ինքը Արցախի հերոս է, պատերազմի ժամանակ չի փախել, այսպես ներկայացրեց՝ ումի՞ց եւ ինչի՞ համար պետք է փախնեմ, ի՞նչ եմ արել, որ փախնեմ:
Բնականաբար, նա գտնում է, որ իր նկատմամբ կալանավորման որոշումն անհիմն է եւ խնդրեց կայացնել արդարացման որոշում, որ վերացվի խափանման միջոց կալանքը»: