Ուղղակի բոյկոտեք և մի օգտվեք այդ ցանցից, մի շիշ ջուր անգամ մի գնեք «Աննա Հակոբյանի «88» սուպերմարկետներից․ Աննա Հակոբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը գրում է․
«Սիրելի հայրենակիցներ,
Հայտարարում եմ, որ մեր ընտանիքը չի օգտվել եւ չի օգտվում «88» սուպերմարկետներից։ Ես անձամբ երբեք չեմ եղել դրանցից որեւէ մեկում։ Ես չգիտեմ դրանք ինչ խանութներ են, որտեղ են գտնվում, ինչ որակի ծառայություն են մատուցում։ Անկեղծ ասած չեմ էլ պատրաստվում երբեւէ օգտվել «88» կոչված խանութներից։ Ես արդեն շուրջ 20 տարի մեր ընտանիքին անհրաշեշտ գնումները կատարում եմ Երեւանի երկու տարբեր սուպերմարկետների ցանցերից եւ առաջիկայում էլ կշարունակեմ նույնը։
Բանջարեղեն գնում ենք քաղաքի տարբեր փողոցներում տեղավորված միրգ-բանջարեղենների փոքրիկ, գեղեցիկ կետերից։
Ասածս ինչ է, ես ոչ մի բնույթի առնչություն չունեմ «88» սուպերմարկետների ցանցի հետ, անգամ որպես շարքային սպառող դրանք ինձ խորթ են։
Տարբեր համայնքների սիրելի՜ բնակիչներ,
Խնդրում եմ, մի’ հավատացեք այս խանութի եւ իմ անվան հետ կապվող բամբասանքներին։ Իսկ եթե ձեզ ամեն կերպ հավատացնում են, թե դրանք իմն են, ուղղակի բոյկոտեք եւ մի օգտվեք այդ ցանցից, մի շիշ ջուր անգամ մի գնեք «Աննա Հակոբյանի «88» սուպերմարկետներից»։
Եւ առհասարակ, ցանկացած բիզնես, որի անունը կկապվի իմ անվան հետ, բոյկոտե’ք։ Եթե կան շրջանակներ, որոնք անպարկեշտ ձեւով կապում են իմ անունը այս կամ այն բրենդի հետ այս կամ այն նպատակով, թող իրենք իրենց մեջ պարզբանեն իրենց հարցերը։ Իսկ մենք կբոյկոտենք։ Կարճ՝ կոնկրետ»։



