Ուկրաինացիները խոցել են «Մոսկվա» հրթիռային հածանավը
Ուկրաինացիները խոցել են «Մոսկվա» հրթիռային հածանավը
«Մոսկվա» հրթիռային հածանավը, որը հրդեհից հետո խորտակվել է Սև ծովում, խոցվել է ուկրաինական հականավային հրթիռով, հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով ԱՄՆ կառավարության բարձրաստիճան աղբյուրին։
Միաժամանակ, գործակալության զրուցակիցը չի կարողացել ասել, թե ուկրաինացի զինվորականները ստույգ ինչ զինատեսակ են օգտագործել։ Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները, այդ թվում՝ Օդեսայի մարզի վարչակազմի ղեկավար Մաքսիմ Մարչենկոն, պնդել են, որ հածանավը խոցվել է ուկրաինական արտադրության «Նեպտուն» հականավային հրթիռներով։
Փենթագոնում WP-ի մեկ այլ աղբյուր նշել է, որ պայթյունը «Մոսկվա» հածանավում տեղի է ունեցել ապրիլի 13-ին, երբ նավը գտնվում էր Օդեսայից մոտ 75 ծովային մղոն հեռավորության վրա։ Ապրիլի 14-ին Փենթագոնի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ նավի վրա, իրոք, պայթյուն է տեղի ունեցել, սակայն ինչն է դրա պատճառը, դեռևս հայտնի չէ։
ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հածանավի վրա անհայտ պատճառով հրդեհ է բռնկվել, ինչից էլ զինամթերք է պայթել։ Ապրիլի 15-ի գիշերը ՊՆ-ն հայտնել է, որ նավը կորցրել է կայունությունը և խորտակվել փոթորկի ժամանակ քարշակման ժամանակ։