Մամուլ

Ուժի մեջ են մտել վարորդական իրավունքի հետ կապված կարգավորումները

ՀՀ-ում սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել վարորդական իրավունքի, ինչպես նաև մեքենաների առքուվաճառքի հետ կապված մի շարք օրենսդրական փոփոխություններ։

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հիշեցրեց, որ սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի վկայականը կլինի ոչ միայն պլաստիկ քարտով, այլև թվային տարբերակով։

Այսպիսով, պարեկները տեխնիկապես կարող են անձի դեմքի նույնականացմամբ թվային հարթակում` պլանշետներում տեսնել նրա վարորդական ամբողջ կենսագրությունը։ Նախատեսվում է հաշվառման և վարորդական վկայականների թվային տարբերակների դեպքում նաև լրացուցիչ բոնուսներ ապահովել քաղաքացիների համար` տարբեր ծառայություններից օգտվելու դեպքում։

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել նաև հավելյալ գումարի դիմաց վարորդական իրավունքի քննությունը նաև հաջորդ օրը վերահանձնելու իրավունքը։ Այսպիսով, եթե անձը հաջորդ օրն է ուզում վերահանձնել քննությունը, ապա հավելյալ գումարը կկազմի 45 հազար դրամ, եթե 3-րդ օրը, ապա` 30 հազար դրամ։

Ինչպես նաև` եթե հաջորդ ստանդարտ վերահանձնման (2-րդ վերահանձնում) ժամանակահատվածը մեկ ամիս անց է, այս դեպքում ևս սահմանվել են ժամկետային որոշակի հնարավորություններ. եթե մեկ ամիս անց ևս անձը ստանում է բացասական գնահատական, ապա նա կարող է վերահանձնել 7-րդ և 14-րդ օրը։

Սեպտեմբերի 1-ից նաև քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց մեքենաները վաճառել առցանց` առանց ՀՀ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումներ այցելելու։