Ուզում էր զինվորական դառնալ` հավերժ զինվոր մնաց. Արտյոմը զոհվեց իր 71 ընկերների հետ միասին
Ուզում էր զինվորական դառնալ` հավերժ զինվոր մնաց. Արտյոմը զոհվեց իր 71 ընկերների հետ միասին
Sputnik Արմենիան գրում է․ Արտյոմ Զախարյանը «Ես եմ» ծրագրով էր զորակոչվել բանակ. նա պետք է 3 տարի ծառայեր, իսկ դրա դիմաց ստացած գումարով տուն էր ուզում գնել։ Այդ տունն Արտյոմի ընտանիքին հենց հիմա շատ պետք կգար, քանի որ նրանց հարազատ գյուղն այժմ թշնամուն է անցել։
Պատերազմի օրերին` 2020թ.–ի հոկտեմբերի 11-ին, զինծառայողները 3 մեքենայով Ա կետից Բ կետ են գնալիս եղել, սակայն Հադրութ-Ջաբրայիլ հատվածում թշնամին տեղորոշել է նրանց ու հայտնվել են ԱԹՍ-ի թիրախում։ Երեք «ԿԱՄազ»–ներում գտնվող 72 տղաներից որևէ մեկին չի հաջողվել փրկվել։ Այդ զինվորներից մեկը 19-ամյա Արտյոմ Զախարյանն էր, որը Մարտունի 3–ի երկու ամսվա ծառայող էր։
Արտյոմենց տանն ենք, ավելի ճիշտ` այնտեղ, ուր հիմա ժամանակավոր ապրում է նրա ընտանիքը, քանի որ հարազատ Ջիվանի գյուղն ու նրանց տունն այժմ թշնամուն են մնացել։ Հյուրասենյակում Արտյոմի հիշատակի անկյունն է. տղան մեղմ ժպտում է լուսանկարի շրջանակից, առջևում արհեստական ու բնական ծաղիկներ են և «Ծառայության համար» ստացած մեդալը։ Վերջ։ Նրա հետ կապված որևէ այլ հուշ չկա։ Ամեն ինչ մնացել է Ջիվանիում։
«Պատկերացնո՞ւմ եք` 72 զինվորից ոչ մինը սաղ չի մնացել, լոխ զոհվել են։ Արտյոմիս մարմինն էլ անճանաչելի է եղել, չնայած զինգրքույկը գտել էինք պիջակի միջից։ Տղայիս մարմնի մի մասը Գորիսում, մյուսը` Երևանի դիահերձարանում էր. ԴՆԹ-ի միջոցով ենք գտել մասունքները։ Հուղարկավորությունն այս տարվա փետրվարին նոր եղավ»,–ասում է Արտյոմի հայրը` Ռոբերտը, ձեռքերը նյարդային տրորելով։
Հայրն ուզում է հուզմունքն ու զայրույթը թաքցնել` դադար է վերցնում, խորը շունչ քաշում, բայց աչքը չի կտրում որդու լուսանկարից։
Արտյոմը երեխաներից ավագն էր` մեկ եղբայր և երկու քույր էլ ունի։ Քանի որ տան մեծն էր, մտածել է` «Ես եմ» ծրագրով մեկնի ծառայության, որը ենթադրում է 3 տարվա ծառայություն, սակայն վերջում պետությունը 5 մլն դրամ պետք է հատկացներ։ Արտյոմն ուզում էր տուն գնել, հետո ընտանիք կազմել։ Հայրն ասում է` տղան որոշել էր զինվորական դառնալ` հետախույզ։
«Զոհվելուց հետո մի աղջիկ սկսեց մեզ զանգել ու գրել` միայն այդ ժամանակ իմացանք, որ սիրահարվել էր մեր տղային։ Բայց մինչ էդ ընկերություն չեն արել։ Արտյոմս երազում էր զինվորական դառնալ, բայց դե հավերժ զինվոր մնաց»,–ասում է հայրը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում