«Ուզում եմ հայ ժողովրդի անունից գնահատանքի խոսքեր ասել ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին»․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
«Ուզում եմ հայ ժողովրդի անունից գնահատանքի խոսքեր ասել ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին»․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է Պաշտպանության նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտը:
Վարչապետը նախ անդրադարձել է ԱՄՆ Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին:
«ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ընդունել է ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև:
Եվ ես ուզում եմ հայ ժողովրդի անունից գնահատանքի խոսքեր ասել ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին, նաև ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել Ներկայացուցիչների պալատի անդամներին:
Գիտեք, որ հոկտեմբերի վերջին Ներկայացուցիչների պալատը նույնպես ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:
Եվ ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել ԱՄՆ-ի հայությանը, բոլորն այն կազմակերպություններին, անհատներին, ովքեր ներդրում են ունեցել այս կարևոր և պատմական որոշման կայացման գործին, և ընդհանրապես շնորհավորել հայ ժողովրդին ճշմարտության այս պատմական հաղթանակի առիթով, որը Հայոց ցեղսասպանության միջազգային ճանաչման նոր էջ է բացում և այդ գործընթացը բերում է նոր մակարդակի:
Ուզում եմ ընդգծել, որ ոչ թե 1915 թվականի ցեղասպանությունը, այլ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է ստիպում արձանագրել, որ Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար, ավելի ճիշտ այդ քաղաքականությունն է սպառնալիք Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար:
Եվ գիտեք, որ, ըստ էության, շատ երկար ժամանակ, արդեն մոտ 30 տարի Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի սահմանը և սա, այս երևույթները, իրողությունները մեկը մյուսի շարունակությունն են:
Եվ ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ նաև Միացյալ Նահանգների և մի շարք այլ երկրների կայացրած որոշումներն արձանագրում էին Թուրքիայի վարած ապակառուցողական և ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում:
Եկեք նայենք, թե ի՞նչ է կատարվում մեր տարածաշրջանում՝ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ, Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Իրաքի նկատմամբ, Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Կիպրոսի նկատմամբ, Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Հունաստանի նկատմամբ և Թուրքիան շրջափակված է պահում Հայաստանը, ու սա ըստ էության ի ցույց է դնում այն դերակատարումը, որ այսօր մեր տարածաշրջանում ունի:
Եվ այս առումով կարծում եմ՝ նաև միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի Թուրքիայի գործողությունների կապակցությամբ և նաև Թուրքիային քաջալերի, որպեսզի ինքը վերագնահատի և վերանայի իր դերը մեր տարածաշրջանում:
Ինչպես Հայաստանի Հանրապետության նախկին բոլոր կառավարությունները, մեր կառավարությունը նույնպես արձանագրում է, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել՝ առանց նախապայմանների:
Եվ ընդ որում մենք ասել ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար Թուրքիայի հետ հարաբերությունների օրակարգի հարց չէ:
Հայոց ցեղասպանության ճանաչումը հենց առաջին հերթին Թուրքիային է անհրաժեշտ իմ նշած գործառույթների շրջանակներում, որպեսզի Թուրքիան վերանայի իր դերակատարումը մեր տարածաշրջանում, որը ցավոք, այսօրվա իր դերակատարմամբ իմ նշած քայլերի շրջանակներում որոշակի պատմական աղերսներ է ստանում դարասկզբի և ավելի վաղ շրջանի իրադարձությունների հետ:
Եվ ես նշեցի դեկտեմբերի 9-ի հետ կապված օրվա վերնագիրը՝ «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման օր»:
Այո՛, կարող է առաջին հայացքից տարօրինակ թվալ, որ ցեղապանության զոհերը նաև արժանապատվության պաշտպանության խնդիր ունեն, բայց Թուրքիայի նախագահն այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի վերաբերյալ արած անպարկեշտ և ցինիկ արտահայտությունները, այո՛, եկան ապացուցելու, որ նման պաշտպանության անհրաժեշտություն կա:
Եվ երբ այս բանաձևը ՄԱԿ-ում ընդունվում էր, թերևս այն ժամանակ դժվար կլիներ կանխատեսել, որ այսպիսի իրադարձություններ, հայտարարություններ կլինեն, որոնք լիովին կարդարացնեն նման ձևակերպման արդարացվածությունը»:
Առավել մանրամասն՝ Bavnews.am-ի տեսանյութում