Որքան է տևում աշխատանքային օրը, ինչ արժե ձեռքի ժամացույցը. ռուս բլոգերը՝ Փաշինյանի մասին (Տեսանյութ)
Թերթ․am-ը գրում է․ Բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը, որն ակտիվ լուսաբանում էր Հայաստանում «թավշյա հեղափոխությունը», հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և ցույց տվել՝ ինչպես է աշխատում և ապրում Հայաստանի վարչապետը:
«Քաղաքականության, կոռուպցիայի, բարեփոխումների մասին հարցեր չեմ տվել: Ցանկանում էի ավելի մոտիկից ճանաչել այդ մարդուն: Վերջիվերջո, պետության ղեկավարի անձնական որակները պակաս կարևոր չեն, քան նրա սկզբունքները»,- գրել է բլոգերը տեսանյութն ուղեկցող տեքստում:
Հայաստանի Հանրապետության վարչապետը ոչ պաշտոնական միջավայրում պատասխանել է ռուս բլոգերի հարցերին՝ ինչքան է տևում աշխատանքային օրը, ինչ արժե ձեռքի ժամացույցը և այլն: Փաշինյանը պատմել է, որ ձեռքի ժամացույցն իրեն երեք տարի առաջ նվիրել է կինը և արժե մոտ 200 դոլար, իսկ իր կրած կոստյումները, այդ թվում՝ կոստյումը, որով Ռուսաստան էր մեկնել, իր հին կոստյումներն են:
Բլոգերը վարչապետին հանդիպել է առավոտյանը ժամը 06:30-ին, ինչից հետո նրանք ուղևորվել են մարզասրահ: Հարցին, թե որքան է տևում նրա աշխատանքային օրը, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ այն տևում է 14-16 ժամ, և հավելել է, որ սովոր է այդ աշխատանքային գրաֆիկին, քանի որ նախկինում էլ է այդքան աշխատել:
Նիկոլ Փաշինյանը մարզասրահ ճանապարհին նաև խոսել է այն մասին, որ բուքմեյքերական ընկերություններն օգտագործում են «Դուխով» խոսքը և դիզայնը՝ մարդկանց ազարտային խաղերի, խաղադրույքների ուղղությամբ գրավելու համար, և նշել է, որ դա այնքան էլ հաճելի չէ: Պարզվել է, որ վարչապետն այցելում է նույն մարզասրահը, որն այցելում էր նախկինում:
Խոսելով իր սովորություններից՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բոլոր սովորությունները չէ, որ պահում է, և որպես օրինակ նշել է, որ արդեն 14 տարի չի ծխում: Մարզասրահից դեպի կառավարություն ճանապարհին բլոգերն ու վարչապետը խոսել են աշխատավարձի չափից, որը գործում է արդեն մոտ չորս տարի. Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն կազմում է մոտ 2000 դոլարից ավելի:
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև հանկարծակի այդքան սիրված լինելու մասին հարցին: Նա նշել է, որ հաջողությունից գլխապտույտ չի լինելու, և վստահեցրել է, որ անձի պաշտամունք չի ստեղծվի: «Ոչ, իհարկե, ինչի՞ մասին եք խոսում: Խոսքը բոլորովին այլ արժեքների մասին է: Վերջին 20 տարիներին ես Հայաստանում շատ ակտիվ հանրային-քաղաքական գործունեություն եմ ծավալել: Ես քաղբանտարկյալ եմ եղել, եղել եմ Հայաստանում ամենահայտնի թերթի գլխավոր խմբագիրը, հայտնի լրագրող եմ եղել մինչ այդ և միշտ ճանաչում եմ ունեցել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Բլոգերի հարցին, թե արդյոք նախկինում նա եղել է այն գրասենյակներում, որտեղ այժմ աշխատում է՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ եղել է, երբ հարցազրույց է վարել այն ժամանակվա վարչապետի հետ: Տեսանյութի վերջում բլոգերի խնդրանքին՝ ինչ-որ սենսացիոն տեղեկություն հայտնել իրեն՝ ՀՀ վարչապետն ասել է. «Ես կարծում եմ, որ առանց ինձ էլ Հայաստանում այժմ բավականաչափ սենսացիաներ կան: Ես ոչ մի նորություն չունեմ, առնվազն՝ ինձ դեռ չեն զեկուցել»:
Աղբյուր՝ tert.am