Որտե՞ղ են դիմավորելու Ամանորը Հայաստանի վարչապետն ու 12 նախարարները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամների մեծ մասը նախատեսում են եկող 2026 թվականը դիմավորել Հայաստանում: Այս մասին են վկայում կառավարության ղեկավարի մամուլի ծառայությանը և 12 նախարարություններին ուղղված Sputnik Արմենիայի գրավոր հարցումների պատասխանները։
Ըստ ստացված տեղեկատվության՝ վարչապետն Ամանորի գիշերը կանցկացնի Հայաստանում՝ տանը: Ընդ որում, մամուլի ծառայությունում չեն հստակեցրել, թե որտեղ է նա լինելու՝ Երևանում, թե Իջևանում։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Ամանորը ընտանիքի հետ կդիմավորի Երևանում: Մայրաքաղաքում են նախատեսում ամանորյա գիշերն անցկացնել նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Ենթադրվում է, որ Երևանում կգտնվի նաև արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Ամանորի գիշերը Հայաստանում կանցկացնեն նաև ներքին գործերի նախարարը Արփինե Սարգսյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Համապատասխան գերատեսչություններից հայտնել են, որ պաշտոնյաները Ամանորը կնշեն ընտանիքների հետ, բայց անցկացման կոնկրետ վայրը չեն հստակեցրել։
Նոր տարին մտադիր են մարզում դիմավորել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների Դավիթ Խուդաթյանը և ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի գտնվելու վայրը ամանորյա գիշերը անհայտ է: Նախարարությունից հայտնել են, որ այդ հարցը ոչ մի առնչություն չունի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեության հետ, հետևաբար պատասխանելը ոչ նպատակահարմար են գտնում։



