Մամուլ

Որպես ակամա մեղավոր՝ հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը․ Վեոլիա ջուր

Որպես ակամա մեղավոր՝ հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը․ Վեոլիա ջուր

Հարգելի քաղաքացիներ.

Վեոլիա Ջուր ՓԲԸ հիմնական գործառությունից մեկը նաեւ վարձակալության պայմանագրով իրեն հանձնված բնակավայրերի անձրեւաջրերի հեռացման համակարգերի կառավարումն է: Այն իրականացվում է գործող կարգի համաձայն ու ողջ ծավալով:

Մասնավորապես, նվազագույնը տարին 3 անգամ՝ գարնանը, ամռանն ու աշնանը համակարգը մաքրվում է կուտակվող աղբից, անհրաժեշտության դեպքում նաեւ վերանորոգվում, ինչի շնորհիվ անձեւատարները մշտապես գտնվում են աշխատանքային վիճակում ու ծառայում իրենց նպատակին: Իսկ անձրեւաջրերի քրոնիկ կուտակումների վայրերին առանձնահատուկ ուշադրություն է դարձվում, որոնք մաքրվում են ըստ անհրաժեշտության:

Տվյալ ուղղությամբ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ընկերությունում ձեւավորվել է հատուկ բանվորական անձնակազմ, որը գործում է ըստ գրաֆիկի՝ մաքրելով համակարգի ինժեներական կառույցները թաղամաս առ թաղամաս: Շատերը տեսած կլինեն. աղբը անձրեւընդունիչներից Վեոլիա Ջրի աշխատակիցները հանում են ու կուտակում հարեւանությամբ, որն այնուհետեւ հեռացվում է «Սանիտէք» ընկերության կողմից:

Սակայն մեր կողմից վարձակալած Հայաստանի պետական գույք հանդիսացող համակարգն ունի շատ թերություններ, մասնավորապես ոչ բոլոր փողոցներն ունեն անձրեւատարներ, իսկ եղածներից շատերի թողունակությունն էլ թույլ չի տալիս ապահովել անձրեւաջրերի սահուն հեռացումը: Դա հետեւանք է այն բանի, որ Երեւանի բուռն զարգացումը անցած տասնամյակների ընթացքում հիմնականում չի ուղեկցվել անձեւատար ցանցի համապատասխան ընդլայնմամբ:

Շատ տեղերում ավելացել է ասֆալտապատ տարածքների մակերեսը, իր հետ բերելով գոյացող անձրեւաջրերի քանակի ավելացում, մինչդեռ անձրեւատար խողովակների թողունակությունը մնացել է նույնը: Իսկ բազմահարկերով կառուցապատված շատ թաղամասերում ներբակային ցանց ընդհանրապես գոյություն չունի կամ էլ այն կիսակառույց է:

Արդյունքում, եթե մեղմ անձրեւները աննկատ են մնում երեւանցիների համար, ապա հորդ կամ տեղատարափ անձրեւների ժամանակ երբեմն անձրեւատարներն ուղղակի ի վիճակի չեն լինում հընթացս հեռացնել հոսող ջրերը: Դրանք կուտակվում են հիմնականում փողոցներում՝ խոչընդոտելով տրանսպորտի աշխատանքն ու անհարմարություններ պատճառելով անցորդներին:

Կիսվել