Որոշ քաղաքական ռիսկեր կառավարելու Փաշինյանի հմտություններն արտակարգ են ու անվիճելիորեն էֆեկտիվ
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « Որոշ քաղաքական ռիսկեր կառավարելու Փաշինյանի հմտություններն արտակարգ են ու անվիճելիորեն էֆեկտիվ:
Մայիսի կեսերից Արցախյան հողի վրա նկատվեցին կոնտրհեղափոխական խլրտումները, որտեղ վերագրվեց` «Կովկասում խաղաղության միակ երաշխիքը ռուսական դոմինանտ ներկայությունն է, իսկ դրա բանալին՝ Արցախն ու այնտեղ ռուսական ռազմական կոնտինգենտի տեղակայումը» թեզերի հեղինակ Կոլերով-Տարասով զույգի հայտնությունը նախ ԱԳՆ կոնֆերանսում, ապա՝ Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանում, որտեղ Արցախի երիտասարդությանը բացատրում էին, թե նրանք մենթալիտետով մեզանից տարբեր են, մեզ հետ չեն կարող վերաինտեգրվել ու միակ լուծումը ռուսական պրոտեկցիայի տակ ապրելն է:
Դրան հաջորդեց հռետորաբանական փոխհրաձգությունն Ստեփանակերտի և Երևանի միջև, իսկ մայիսի 20-ին` դատարանների շրջափակման օրը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեսօրվա լայվ ելույթում անցումային արդարադատության ու վեթինգի հետ միասին խոսեց թե՛ Արցախում դավադիր պատերազմի ռիսկի, թե՛ նաև ապրիլյան պատերազմի հետաքննության կայացված քաղաքական որոշումների մասին՝ ակնակելով, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարվում…
Մեկ անգամ չէ, որ հիմնավորել ենք, որ Թավշյա հեղափոխությունից հետո Մոսկվան հայտնի Լավովյան պլանը քաղաքական, խաղաղ եղանակով իրականացնելու հնարավորություն չունի, ռազամական եղանակն էլ շատ անկանխատեսելի է… Դա անգամ անհնար եղավ 2016թ. ապրիլյան պատերազմից առաջ ու քառօրյա պատերազմի միջոցով՝ անդավաճան հայ զինվորի ու սպայի արյան ու նվիրումի հաշվին…
Փաշինյանը հենց 2016-ի ամռանն այդ պլանը դավադրություն համարեց Արցախի հանդեպ…. Կրեմլը գիտի դա ու բացահայտ չի խոսում դրա մասին, բացառությամբ Մամեդյարովի շուրթերի, ով Մոսկովյան վերջին հանդիպումից հետո հղում արեց 2016-ի տարբերակին… Ավելին, հնարավոր չէ անել: Եվ, ահավասիկ, մայիսին հանկարծ այդ պլաններն իրականացնելու այլ սցենար ուրվագծվեց, որի ուղերձները Կոլերովն ու Տարասովը բերեցին Ստեփանակերտ՝ ապավինելով, որ Ստեփանակերտի ու Երևանի միջև Քոչարյանի գործով լարվածությունն Արցախը, իսկ ավելի ստույգ՝ Ստեփանակերտի ռազմաքաղաքական էլիտային, նրա հետ էլ ողջ տարածաշրջանն ավելի կհեռացնի Հայաստանից, իսկ եթե Երևանում դա էլ կանխեն, ապա դավադիր պատերազմը վերջին հույսն է մնում…
Եվ ահա, Փաշինյանը հասկանալով խաղի նրբերանգները, արձակում է ապրիլյան պատերազմը հետաքննելու իր քաղաքական որոշումը: Ազգային ժողովը բավական արագ որոշում է ընդունում ու ԱԺ պաշտպանության, ներքին գործերի ու ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին օժտում քննիչ հանձնաժողովի ստատուսով… Սա թերևս ակնարկ էր, որ Հայաստանում չեն մոռացել 2016-ի ապրիլյան պատերազմը, դրա՝ պայմանավորված լինելու վարկածը և հնարավոր է անակնկալներ մատուցվեն…
Այս ամենն առավել քան հասցեական է դառնում մայիսի 8-9-ին` Արցախ Սերժ Սարգսյանի այցելության, այնտեղ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ խարույկի մոտ կարտոֆիլ խորովելու, ինչ- ինչ սցենարների շուրջ պայմանավորվելու ու խմբով պարելու խորապատկերին… Եթե Հայաստանի նախկին ու Արցախի ներկայիս իշխանությունները խուսափեցին հրապարակավ քննադատել ապրիլյան պատերազմը հետաքննելու Փաշինյանի որոշումը, ապա դա բավական հրապարակային արեցին Հանրային Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, իսկ որ առավել ուշագրավ էր, Սանկտ-Պետերբուրգում Ռ.Քոչարյանի նշանակած հյուպատոս Ռուբեն Հակոբյանը բաց նամակ գրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ մտահոգություն հայտնելով, որ նախկինում՝ 2016-ին Նիկոլ Փաշինյանը դավադիր պատերազմի վարկածի շրջանակներում երրորդ երկրի՝ Ռուսաստանի մասով կասկածներ է հայտնել և այժմ կա՛մ ԱԺ հանձնաժողովը պետք է փարատի դա ու պատժի Փաշինյանին, կա՛մ հաստատի, որ շարժվում են Ռուսաստանին մեղադրելու ուղղությամբ:
Մոսկվան անհանգիստ է ու այդ անհանգստությունը հայտնում է այլոց շուրթերով: Կրեմլում հասկանում են, որ Փաշինյանի իշխանությունն ակնհայտորեն կարող է սեղանին դնել բացարձակ անակնկալ զեկույց, իսկ դրանից առաջ հանձնաժողով հրավիրել Հայաստանի նախկին ու Արցախի ներկայիս ռազմա-քաղաքական էլիտային՝ ցուցմունքներ տալու: Այս հեռանկարն Արցախի իշխանություններին չափազանց սարսափեցնում ու զսպում է, անգամ պետք է, որ ստիպի մտածել ռուսական խաղից դուրս գալու մասին, եթե ցանկանում են փրկել իրենց… Ի վերջո՝ Երևանի «մենք չենք մոռացել ապրիլյան պատերազմի դավադրությունն» ուղերձը վտանգ կարող է ստեղծել, եթե փորձ արվի որևէ եղանակով՝ հանցավոր անգործությամբ կամ դիտավորությամբ ու սադրանքով նոր պատերազմի գեներացումը…
Արցախի սահմանագծի օպերատիվ վիճակի տեղեկություններն Ստեփանակերտում չեն մնում ու հասու են Երևանին ու հնարավոր կլինի պարզել՝ ո՞վ և ի՞նչ մասնակցություն ունեցել հերթական փորձում… Կրեմլի միակ ազատ ու անկաշկանդ գործընկերը, ով կորցնելու բան չունի և պատրաստ է վա բանկ գնալ, մնում է Ռ.Քոչարյանը: Հենց դրա համար էլ Ռուսաստանն իր դեսպանով փորձեց բաց խաղադրույթ կատարել նրա վրա՝ հանդիպելով նրան: Սակայն այստեղ էլ Երևանի ռեակցիան չուշացավ. ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռ. Ռուբենյանը դատապարտեց Հայաստանի ներքին գործերին դեսպանի անթաքույց միջամտությունը, ապա հրապարակային դարձվեց, որ դեսպանը նաև ԱԳՆ է հրավիրվել պարզաբանումների ու բողոքի նոտան ստանալու համար:
Ստեփանակերտի տեղական իշխանություններից կարևոր բան է կախված. կամ դուրս են գալիս այս անպատիվ խաղից ու ինդուլգենցիա ստանում՝ պաշտոնավարելով մինչև իրենց ժամկետի ավարտն ու տեղը զիջելով նոր իշխանություններին, կամ՝ այլևս խաղը շատ պարզ է ու ստվերում խաղալ հնարավոր չէ՝ ապրիլյան պատերազմի հետաքննությունը կարող է շատ ավելի բարդացնել պատասխանատվությունը… Խաղից դուրս գալով նրանք նաև մեղմում են Երևան-Ստեփանակերտ լարվածությունը:
Երևանը բավական գրագետ է խաղում ու չեզոքացնում բոլոր ռիսկերը: Փաշինյանն անգամ ներքին քննադատությունների արժանանալով շարունակում է խաղաղության դիսկուրսը, բանակցային պրոցեսն ու հնարավորինս հակառակորդին զրկում պատերազմելու լեգիտիմ առիթից… Այս իրավիճակում անթույլատրելի ու աններելի կլինի, եթե պատերազմի ռիսկեր ստեղծողները լինեն մեր ներսից…»: