Որոշ թերություններ կան, որոնց պետք է անդրադառնալ հաջորդ ընտրական շրջանի համար․ Էդմոն Մարուքյան
«Սիրելի հայրենակիցներ Փարիզում ավարտվեց ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում էր Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների զեկույցը»,- տեղեկացնում է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում.
«Նիստին մասնակցում էին Հայաստանի հարցով համազեկուցողները և ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարն ու այլ անդամներ։ Ահա իմ ելույթը հայերեն թարգմանված․
Հարգելի գործընկերներ, նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման ամփոփման համար: Շատ ուրախ եմ տեսնել Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության դրական հայտարարությունը, որը բավականին աներկբա է:
Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել Խորհրդարանական վեհաժողովին, ինչպես միշտ, պրոֆեսիոնալ և փորձառու դիտորդական թիմ գործուղելու համար՝ դիտարկելու Հայաստանի թերևս ամենակարևոր ընտրությունները վերջին ժամանակահատվածում: Հատկապես մեծ շնորհակալություն եմ հայտնում պարոն Պոսիեժին` առաքելությունը ղեկավարելու և «Թավշյա հեղափոխության» մասին իր արտահայտությունների` իշխանությունների քաղաքական կամքը գովաբանելու համար, ինչը թույլ տվեց անցկացնել ժողովրդավարական ընտրություններ:
Մենք նաև գնահատում ենք, որ Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի համազեկուցողները նույնպես մասնակցեցին այս դիտորդական առաքելությանը, որպես ԵԽԽՎ հայաստանյան փորձագետներ: Մենք բարձր ենք գնահատում ձեր ներդրումը միջազգային դիտորդների կողմից արված դրական արձագանքների մեջ: Մենք ակնկալում ենք, տեսնել ձեզ Երևանում հաջորդ տարի, որտեղ կկարողանանք նախանշել մեր ապագա համագործակցության ոլորտները:
Այս առումով, գուցե, ես մի քիչ առաջ եմ անցնում, բայց կարծում եմ, որ տեղի ունեցած ազատ և արդար ընտրությունները, ինչպես նաև ժողովրդավարական գործընթացների մեկնարկը ցույց են տալիս, որ ժամանակը հասունացել է, մեր անդամակցությունից հետո գործող մոնիթորինգը, փոխարինելու հետմոնիթորինգային երկխոսության հետ: Մենք հավատում ենք, որ Հայաստանում ժողովրդավարական զարգացումները իրավունք են վերապահում նման փոփոխություն ակնկալելու համար:
Իհարկե, որոշ թերություններ կան, որոնց պետք է անդրադառնալ հաջորդ ընտրական շրջանի համար: Կանանց մեծ մասնակցությունը կոնկրետ օրինակ է, և մեր կուսակցությունը պատրաստվում է լրջորեն զբաղվել այս հարցով նոր խորհրդարանում: Վստահ եղեք, որ մեր բոլոր ապագա բարեփոխումների արդյունքում մենք ձգտում ենք համագործակցել Խորհրդարանական վեհաժողովի և Վենետիկի հանձնաժողովի հետ»: