Մամուլ

Որոշ երկրներ պահանջում են քովիդի դեմ պատվաստում, որոշները՝ թեստավորում. ճամփորդելիս ինչ է անհրաժեշտ ՀՀ քաղաքացիներին

Որոշ երկրներ պահանջում են քովիդի դեմ պատվաստում, որոշները՝ թեստավորում. ճամփորդելիս ինչ է անհրաժեշտ ՀՀ քաղաքացիներին

Armtimes.com-ը գրում է․ Կորոնավիրուսային հիվանդությունը ոչ միայն հանգիստ չի թողնում աշխարհին, այլ նաև ստիպում է նոր հակահամաճարակային կանոններ սահմանել: Պետություններն իրենց երկիր մուտք գործել ցանկացող զբոսաշրջիկներից պահանջում են կա՛մ քովիդի դեմ բացասական թեստի պատասխան, կա՛մ էլ պատվաստումը հաստատող սերտեֆիկատ:

«Վարդան Թրավել» տուրիստական ընկերության հիմնադիր Վարդան Սարգսյանը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում պարզաբանել է՝ որ երկիրն ինչ է պահանջում ՀՀ քաղաքացիներից և հիմնականում որ երկրներն է նախընտրում մեր բնակչությունը՝ ճանապարհորդելու համար:

«Բացի Եգիպտոսից, մյուս երկրների դեպքում պարտավոր ես թեստավորվել, անկախ նրանից՝ պատվաստվա՞ծ ես, թե՞ ոչ: Կան երկրներ, որ թեստավորման պատասխանը պահանջում են 48 ժամ կամ 72 ժամ հետո: Միայն Եգիպտոսն է, որ թույլ է տալիս պատվաստման երկրորդ դեղաչափից 14 օր անց առանց թեստ հանձնելու մեկնել իր երկիր, մնացած երկրների դեպքում թեստավորումը պարտադիր է»,- ասաց Վարդանը:

Նրա խոսքով՝ հայ զբոսաշրջիկները հիմնականում նախընտրում են մեկնել Եգիպտոս, որովհետև ակտուալ ու մատչելի տարբերակ է: Մեկնում են նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, Տանզանիա, Զանզիբար, Մալդիվներ, Դոհա: Վերջերս մեր քաղաքացիների համար բաց է նաև Հնդկաստանը: Այս երկրներ հանգստի մեկնելու համար պետք է ընդամենը թեստ հանձնել թռիչքից մեկ կամ երկու օր առաջ:

հայերը եգիպտոսում

Սակայն կան երկրներ, որոնք իրենց երկիր մուտք գործելու համար պահանջում են, որ անձը պարտադիր պատվաստված լինի, ասում է Սարգսյանը: Դրանց թվում են Մարոկկոն, Շրի Լանկան, Թայլանդը: Իսկ Բրազիլիան պահանջում է, որ թեստավորված լինի անձը, սակայն մշակութային վայրեր մուտք գործելու համար պետք է պարտադիր պատվաստված լինել:

Ըստ նրա՝ թեստավորվելու կամ պատվաստվելու հարցում քաղաքացիները բողոքներ չեն ունենում, միայն լարված վիճակն է, որ թռիչքից առաջ նրանց մոտ առկա է. «Աշխարհը համակերպվել է քովիդի հետ, ու մեր կյանքի մի մասնիկն է դարձել: Բոլորը գիտեն, որ որևէ տեղ ճամփորդելիս պետք է թեստավորված կամ պատվաստված լինեն. դա մեր կարևորագույն անձնագիրն է: Մարդկանց դա միայն անհարմարությունն է պատճառում, քանի որ թռիչքից մեկ-երկու օր առաջ սպասում են՝ դրակա՞ն, թե՞ բացասական է լինելու պատասխանը»:

Հանգստից վերադառնալիս էլ քովիդի թեստ անձը հանձնում է «Զվարթնոց» օդանավակայանում, 9 ժամ էլ՝ մնում մեկուսացման ռեժիմի մեջ:

Հարցին՝ ի՞նչ է լինում, երբ անձի՝ քովիդի դեմ թեստի պատասխանը թռիչքից ժամեր առաջ դրական է գալիս, Վարդան Սարգսյանն ասաց՝ հարցը որոշում է ավիափոխադրող ընկերությունը՝ իր օրենքների համաձայն:

«Այդ օրենքները տուրիստական գործակալությունները չեն թելադրում: Կան որ անվանափոխություն են ուզում անել ինչ-որ իքս գումարով, հետաձգում են: Այսինքն՝ դա ավիափոխադրողի օրենքն է ու որոշելիքը»,- մանրամասնեց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել