«Ով ուզում է դուրս գալ, մանդատը պետք է վայր դնի». Սերժ Սարգսյանի վերջնագիրը հայտնի է. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Արայիկ Գրիգորյանին պատկանող Ավշարի գինու գործարանում է հավաքվել ՀՀԿ ԱԺ խմբակցությունը՝ Ս․ Սարգսյանի գլխավորությամբ։ Մոտ 6 ժամ ճաշել, զրուցել, անգամ պարել ու թենիս-բիլիարդ են խաղացել։ Բացակայել են Արփինե Հովհաննիսյանը, որը Հայաստանում չէ, Միհրան Պողոսյանը, Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Ալիկ Սարգսյանը, ում ծնունդն էր հունիսի 1-ին։ Սամվել Ալեքսանյանը շուտ դուրս է եկել՝ «գործ շատ ունեմ» ասելով։
Հիմնական թեման եղել է ՀՀԿ-ի «ապագան»։ Ս․ Սարգսյանն ասել է․ «ՀՀԿ բիզնես թեւն ազատ է, ով ցանկանում է, կարող է դուրս գալ», կոշտ գնահատականներ է տվել «թուլակամ» Շիրակ Թորոսյանի, Արթուր Գեւորգյանի հասցեին, որն առանց տեղյակ պահելու է խմբակցությունից դուրս եկել։ Քաղաքական թեւի մասին էլ ասել է՝ իրենք եւս ազատ են, բայց «ով ուզում է դուրս գալ, մանդատը պետք է վայր դնի․ դա է բարոյականը»։ Սեյրան Սարոյանը գործարարներին «հանաքով» ասել է՝ «կուտը» չուտեք՝ դուրս գաք, տեսա՞ք շեֆը հետո ինչեր ասավ»։ Երեկվանից հայտնի է, որ Ս․ Ալեքսանյանն ու Արտակ Սարգսյանն օրերս դուրս կգան։
Ավելի մանրամասն՝ «Հրապարակ» թերթի ասօրվա համարում: