ՄամուլՏեսանյութ

587 մլրդ դրամ․ ով որքան գումար պետք է վերադարձնի պետությանը

Հայաստանում 119 հոգի անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով․ ովքե՞ր են նրանք և ի՞նչ կարողություն ունեն, ո՞ր գույքերը և ի՞նչ ծավալով է Գլխավոր դատախազությունը համարում ապօրինի ձեռք բերված։ Factor TV-ն առանձնացրել է հնչեղ անուններն ու նրանց ունեցվածքը։

20 անշարժ գույք, 2 ավտոմեքենա, ավելի քան մեկուկես միլիոն դոլարի ներդրումներ, ավանդներ, 10 միլիարդի այլ անձանց տված փոխառություններ, մասնաբաժիններ տարբեր ընկերություններում ու ևս 22 միլիարդ դրամ․ Աննա Վարդապետյանի ղեկավարած կառույցն ապօրինի է համարվում թվարկվածը։ Այս ամենը պատկանում է 10 տարի ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին։

Արգելանք է դրվել Քոչարյաններին պատկանող «Տոյոտա Երևան»-ի 30 տոկոսի, «Օրանժ ֆիթնես»-ի 50 տոկոսի, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության 60 տոկոսի, «Կոնգրես» հյուրանոցի և Play city ժամանցի կենտրոնի բաժնեմասերի վրա: Այս գործով անցնում է նաև Քոչարյանի գործարար որդին՝ Սեդրակ Քոչարյանը։

Բռնագանձման ենթակա նրա ունեցվածքի աշխարհագրությունը սկսվում է Երևանի կենտրոնից և ձգվում մինչև սաֆարիներով հայտնի Տանզանիա։ Քոչարյանի մերձավորներից գործարար Սամվել Մայրապետյանից էլ Դատախազությունը պահանջում է պետությանը վերադարձնել 5,6 մլրդ դրամ։

Սեդրակ Քոչարյան

Ըստ Դատախազության՝ նա այլ անձանց հետ Տերյան փողոցի այս շենքի բնակարանների մեկ քմ-ն վաճառել է 770 հազար դրամով, բայց փաստաթղթերում ներկայացրել է 66 հազար դրամ։ Մայրապետյանը Քոչարյանների հետ համասեփականատեր է «Տոյոտա Երևան» ընկերությունում։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից և ընտանիքից բռնագանձման է ենթակա 241 մլն դրամ, մեկ բնակարան և երկու ավտոկայանատեղի։ Սերժ Սարգսյանի եղբորից՝ Սաշիկ Սարգսյանից և նրա տղաներից Դատախազությունը ցանկանում է պետականացնել 14 անշարժ գույք, 8 շարժական գույք, 5 իրավաբանական անձում մասնակցություն և 5 միլիարդ 92 միլիոն դրամ։ Սերժ Սարգսյանի մյուս եղբայրը՝ Լյովա Սարգսյանն ու նրա զավակները՝ Նարեկն ու Անին, ըստ Գլխավոր դատախազության, մոտ 9,5 միլիոն դոլարի ապօրինի ծագման գույք և դրամական միջոցներ ունեն։

Սերժ Սարգսյանի թինկազորի պետ Վաչագան Ղազարյանից Դատախազությունը 8,2 մլրդ դրամին համարժեք գույք և ֆինանսական միջոցներ է ցանկանում բռնագանձել։ Դրանց թվում են Երևանում գտնվող 17 բնակարանները, տարածքները, շինությունները, ավտոհանգրվանները, որոնցից 4-ը գտնվում են Ավան վարչական շրջանում, 5-ը՝ Ծովակալ Իսակով պողոտայում, 5-ը՝ Տերյան փողոցում, ինչպես նաև Այգեստան թաղամասում, Ամիրյան, Խորենացի փողոցներում։

Իսակովի պողոտայում գտնվող չորս հողամասերը Ղազարյանը վերադարձրել է պետությանը՝ ձեռք բերված համաձայնության շրջանակում։ ԲՀԿ նախագահ, քաղաքական կուլիսներում հայտնված Գագիկ Ծառուկյանից բռնագանձման է ենթակա 79 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 86 մլրդ դրամ, 39 ընկերությունում բաժնեմաս և բաժնետոմս։

Գագիկ Ծառուկյանի ենթադրյալ ապօրինի ծագման գույքերի ցանկը 16 էջ է։ Այդ էջերում ներառված են «Շանգրիլա» խաղատունն ու «Փարավոն» ռեստորանը, Առինջի բարձունքում գտնվող շքեղ առանձնատունը, այլ գույքեր։

Կիսվեք էջում