Ով ինչպես դրսևորեց իրեն ծեծկռտուքի ժամանակ․ նոր և չնկատված կադրեր (Տեսանյութ)
Ով ինչպես դրսևորեց իրեն ծեծկռտուքի ժամանակ․ նոր և չնկատված կադրեր
Armlur.am-ը գրում է․ Մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը շարունակում է բուռն քննարկման առարկա դառնալ։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին հետևեց ծեծկռտուք՝ Սասուն Միքայելյանի հետ, որին միացան գրեթե բոլոր պատգամավորները, և երկար ժամանակ նրանց հանգստացնել չէր ստացվում։
Միջադեպի տեսագրությունն ուսումնասիրելիս հստակ երևում է, թե ով ինչպես է փորձում բաժանել միջադեպի մասնակիցներին, կամ էլ՝ հակառակը, օգտվելով առիթից, ավել հարվածներ հասցնում միմյանց։
Նախ առաջինը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն է մոտենում և կողքից հարվածում Էդմոն Մարուքյանին, որից հետո ԼՀԿ պատգամավոր, գյումրեցի Սարիկ Մինասյանը հրում է Արտակ Մանուկյանին։ Վերջինս վայր է ընկնում ու արագ կանգնում։
Դրանից հետո ԼՀԿ խմբակցության ղեկավարին է մոտենում իշխող խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Վահե Ղալումյանը, հարվածում և, Էդմոն Մարուքյանի գլուխը բռնելով, քաշքշում նրան։ Դրան հետևում է ԼՀԿ խմբակցության պատգամավորներ Սարգիս Ալեքսանյանի և Մերուժան Ստեփանյանի կողմից Ղալումյանին հրելու գործընթացը, որի հետևանքով վերջինս ընկնում է գետնին։ Մի խումբ պատգամավորներ Ղալումյանին բարձրացնում են։
Դրանից հետո էլ կրքերը չեն հանդարտվում, բոլորը քաշքում են իրար, հրում․ նկատենք, որ երկու կողմերն էլ ակտիվ են, չեն զիջում միմյանց․ նաև ԼՀԿ-ական Հարություն Բաբայանն է ակտիվորեն բրդբրդում մյուսներին։ Երբ իրավիճակը փոքր ինչ հանդարտվել էր, և Էդմոն Մարուքյանը փորձում էր շարունակել իր կիսատ մնացած ելույթը, էլի կրքերը թեժացան․ նկատվում է իմքայլական պատգամավոր, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը՝ գլուխը բռնած նստած։
Իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը , տեսնելով, որ իրավիճակը չի հանդարտվում, անկառավարելի է, ստիպված ընդմիջում է հայտարարում և ներս հրավիրում անվտանգության աշխատակիցներին։
Այդ ընթացքում ԱԺ ուղիղ եթերն անջատվում է, սակայն մյուս տեսախցիկների նկարահանումներից պարզ է դառնում, որ այդ ժամանակ վեճն ավելի է թեժանում և արդեն երկու տարբեր խմբերի միջև։
Առավել մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում