Մամուլ

Ով է Վարդան Ղուկասյանի քույրը, ում Քննչական կոմիտեն կալանավորել է

Ով է Վարդան Ղուկասյանի քույրը, ում Քննչական կոմիտեն կալանավորել է

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ ձերբակալվել է Վարդան Ղուկասյանի մյուս քույրը՝ Կարինե Յուրիկի Ղուկասյանը։

Սա, «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանից հետո՝ 10-րդ կալանավորումն է՝ Վարդան Ղուկասյանի շրջապատից: Ավելի վաղ, կալանավորվել էր նաև Լուսինե Ղուկասյանը: 

Bavnews.am-ի տեղեկություններով՝ Կարինե Ղուկասյանը միայնակ մայր է՝ ունի 4 տարեկան աղջիկ, որի միակ խնամակալն է:

Ըստ ՀՀ  ՔԿ-ի, Կարինե Ղուկասյանը ձերբակալվել է քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում.

«Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կարինե Ղուկասյանը մտերիմ-անձնական կապերի մեջ է գտնվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության համապատասխան ծառայության աշխատակցի հետ, և սոցիալական ցանցի հավելվածի միջոցով նրանք հաղորդակցվել են, որի ընթացքում Կարինե Ղուկասյանը խնդրելու և համոզելու եղանակով դրդել է ոստիկանության ծառայողին իրեն տրամադրել ֆիզիկական անձի անձնական, հրապարակման ոչ ենթակա, ուղղակի կերպով անձին նույնականացնող տեղեկություններ։

Պաշտոնատար անձը  օգտվելով իրեն հասանելի ՀՀ կառավարման մարմինների շտեմարաններից, տեղեկությունները տրամադրել է Կ․ Ղուկասյանին»։

Կարինե Ղուկասյանի ձերբակալումից հետո միջնորդություն է ներկայացվել դատարան վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը 22․06․2023թ․-ին բավարարվել է, և նա կալանավորվել է։

Կիսվել