Ով էր կազմակերպել սադրանքը Սուրբ Աննա եկեղեցում. զրուցել են ձերբակալված երիտասարդների տնօրենի հետ
«Սա կրթական մակարդակից դուրս է, մեզ հետ որևէ կապ չունի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի տնօրենը՝ անդրադառնալով Սուրբ Աննա եկեղեցում մարտի 29-ին տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված երիտասարդներին, ովքեր Երևանի Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի 12-րդ դասարանում սովորող երկվորյակ եղբայրներ են։
Չնայած դպրոցում չհերքեցին, որ ձերբակալվածներն իրենց ուսումնական հաստատության աշակերտներ են, տնօրենը շտապեց ընդգծել, որ կատարվածը որևէ առնչություն չունի դպրոցի հետ։
Նրա խոսքով՝ աշակերտները դպրոցում երբևէ աչքի չեն ընկել բացասական վարքով։
Oragir.News-ը դպրոց էր այցելել՝ պարզելու աշակերտների վարքը և բնութագիրը ուսումնական միջավայրում, սակայն տնօրենը թույլ չտվեց զրուցել ուսուցիչների հետ՝ պատճառաբանելով, թե դպրոցում միջոցառում է ընթանում։
Նա նաև խուսափեց պատասխանել հարցին՝ արդյոք մտավախություն ունի՞ հնարավոր ճնշումների վերաբերյալ՝ զրույցն ավարտելով և դպրոցի դռները ժպիտով և ներողամիտ հայացքով փակելով մեր առջև։


