Մամուլ

Ովքե՞ր կարող են օգտվել անպտղության հաղթահարման ընդլայնված անվճար ծրագրից

Ովքե՞ր կարող են օգտվել անպտղության հաղթահարման ընդլայնված անվճար ծրագրից

Անպտղության հաղթահարման պետական ծրագրի ընդլայնման շնորհիվ մինչև 36 տարեկան առաջնային անպտղությամբ զույգերը կարող են լինել ծրագրի շահառու։ Այս մասին այսօր, հունվարի 9–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը։

Նրա խոսքով, ծրագրի շահառու կարող են լինել հետեևայլ խմբերին պատկանող մարդիկ.

1. Մինչև 36 տարեկան երկու տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ բոլոր կանայք, անկախ նրանց կարգավիճակից և բնակավայրից։ Այս խմբի համար սահմանվել է ամբողջական փաթեթ՝ անպտղության պատճառագիտության որոշում, ներառյալ անհրաժեշտ հետազոտություններ, և բուժում, ներառյալ արհեստական սերմնավորում և արտամարմնային բեղմնավորման մեկ փորձ 100 տոկոս ֆինանսավորմամբ, և 2–րդ փորձը՝ պետության 50 տոկոս մասնակցությամբ։ Եվ եթե քաղաքացին դիմել է մինչև 36 տարեկանը, նա պահպանում է շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկան։ 

2. Առաջին անգամ որպես ծրագրի շահառու ներառվել են նաև երկրորդային անպտղությամբ զույգերը։ Սահմանամերձ բնակավայրերից 20-36 տարեկան կանանց, որոնք ունեն 1 երեխա, հնարավորություն է տրվում ունենալ 2–րդ բալիկը։ Այս պարագայում պարտադիր է ամուսնական կարգավիճակը և առնվազն մեկ տարվա գրանցումը սահմանամերձ շրջաններում։ Տրամադրվող փաթեթը՝ անպտղության պատճառագիտության որոշումը, ներարգանդային սերմնավորումը, և արտամարմնային բեղմնավորման մեկ փորձը։

3. Ծրագրից կարող են օգտվել նաև 36-42 տարեկան այն կանայք, որոնք պարտադիր չէ, որ ունենան անպտղություն, այլ պարզապես ցանկանում են երեխա ունենալ։ Այս խմբի համար սահմանվել է միայն սերմնավորման փաթեթը։

Կիսվել