Ոստիկաններն ու բժիշկները փրկել են 44-օրյա պատերազմում զոհված զինվորի հոր կյանքը
Ոստիկաններն ու բժիշկները փրկել են 44-օրյա պատերազմում զոհված զինվորի հոր կյանքը
Shamshyan.com-ի տեղեկություններով հունվարի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչից, ով հայտնել է, որ իր հայրը իրեն պատկանող խորհրդային արտադրության ավտոմեքենայով թույնը ձեռքին դուրս է եկել իր աշխատավայրից և հայտնել, որ իր կյանքին վնաս է տալու։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները` վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ կարճ ժամանակում Արարատի մարզի Գինեվետ գյուղի դաշտամիջյան ճանապարհին հայտնաբերում են խորհրդային արտադրության այդ ավտոմեքենան, որի մեջ էլ անհայտ ծագմամբ թունաքիմիկատով տարայի կողքին հայտնաբերում են Արարատի մարզի 53-ամյա բնակչին։
Ոստիկանների կանչով օպերատիվորեն ժամանում են Վեդու բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր նախ տեղում բուժօգնություն են ցուցաբերում այդ տղամարդուն, ապա տեղափոխում Վեդու բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանների և բժիշկների կողմից փրկված տղամարդը Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հայր է։