Մամուլ

Ոստիկաններն իրականացրել են հատուկ օպերացիա. հայտնաբերվել է զոհված զինվորների ծնողներից խոշոր գումարներ հափշտակողը

Ոստիկաններն իրականացրել են հատուկ օպերացիա. հայտնաբերվել է զոհված զինվորների ծնողներից խոշոր գումարներ հափշտակողը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 17-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի, ոստիկանության Մարտունու բաժնի՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որի շրջանակում վնասազերծվել ու ոստիկանության Մարտունու բաժին է բերման ենթարկվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին Սյունիքի մարզի բնակիչ, 41-ամյա Մարտին Հակոբջանյանն է, ով հետախուզման մեջ էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով:

Նրա նկատմամբ նշված քրեական գործը հարուցված է եղել ՀՀ ազգային անվտանգության  ծառայության քննչական դեպարտամենտում և դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները Մ. Հակոբջանյանին հայտնաբերել են Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախի հասցեներից մեկում գործող «Ծիրանենի» ռեստորանային համալիրի տարածքից:

martin hakobjanyan

Պարզվել է, որ նա 2021թ.-ի փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ Գեղարքունիքի մարզի Մարտունի, Երևան, Աբովյան և Մասիս քաղաքների վարչական շրջաններում անհայտ կորած ժամկետային զինծառայողների հարազատներին խաբեությամբ մոլորության մեջ է գցել և հավաստիացրել է, որ նրանց զինվորները զոհված չեն և գտնվում են գերության մեջ՝ Բաքվի բանտերում:

Ճիվաղը մի քանի զինծառայողների  հարազատների էլ համոզել է, որ իրենց որդիները գտնվում են Բաքվի քաղաքացիական հիվանդանոցներում ու ինքը, Ադրբեջանում իր ընկերական կապերը օգտագործելով, կարող է գերության մեջ գտնվող զինվորներին տեղափոխել Վրաստան կամ Ռուսաստանի Դաշնություն, որտեղից էլ Հայաստան:

Տականքը այդ կերպ կաշառք ստանալու պատրվակով, խարդախությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ պահանջել և բանկային փոխանցման միջոցով անհայտ կորած ժամկետային զինծառայողների ծնողներից և հարազատներից ստացել է առանձնապես խոշոր չափի գումար:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այն կազմում է 1,5 մլն ՀՀ դրամից ավել: Ոստիկանները ունեն կասկածներ, որ հնարավոր է, սրբապիղծը այլ զոհվածի հարազատների էլ խաբած լինի:

Կիսվել