Ոստիկանները պարզել են Մալաթիայում դանակահարության հետևանքով հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևանի քրեական ոստիկանության վարչության, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի ծառայողները, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչները հետ, պարզել են ապրիլի 21-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ2 թաղամասի Իսակովի 85 շենքի բակում վիրավորում ստացած քաղաքացու ինքնությունը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք, աղիների արտանկումով» ախտորոշմամբ նշված վայրից «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 28-ամյա Արմեն Մ.-ն, ում վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ հիվանդանոցում նրա հարազատները բժիշկներին հայտնել են, որ նա վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով։
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «խուլիգանություն և սպանություն փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործունեություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, մասնակիցների, այդ թվում՝ կրակոցներ արձակողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 21-ին դանակահարություն էր եղել ու կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչութան Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ2 թաղամասի Իսակովի 85 շենքի բակում դանկահարություն է եղել, որից հետո հնչել են կրակոցներ և կա վիրավոր:
Ժամանել էին քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանը, Վահե Մուշեղյանը, Երևանի քրեական ոստիկանության վարչության պետ Հայկ Հարությունյանը և Երևանի քրեական վարչության սպանությունների բաժնի պետ Ռազմիկ Գասպարյանը:
Ժամանել էին նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել էին 1 կրակված և 2 չկրակված պարկուճ. կրակվածը հայտանբերել են նշված շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկի վերելակի մոտ, նշված մուտքի աստիճանների ճաղավանդակի վրա հայտնաբերել են նաև արնանման հետքեր:
Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Ոստիկանները պարզում էին՝ արդյոք վիրավորը դանակահարությա՞ն, թե՞ կրակոցի արդյունքում է տուժել:
Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: