Մամուլ

Ոստիկանները հայտնաբերել են «Մալխաս ջազ» ակումբի սեփականատիրոջ նկատմամբ սպանության փորձ կատարողին

Ոստիկանները հայտնաբերել են «Մալխաս ջազ» ակումբի սեփականատիրոջ նկատմամբ սպանության փորձ կատարողին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, մարտի 17-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի, վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, ՄՍԴՈՒՀԴՊ վարչության պետ Վահե Մուշեղյանի, Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանի, Երևանի ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են մարտի 8-ին Երևանի կենտրոնում քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի սանիկ, «Մալխաս ջազ» ակումբի սեփականատեր, 50-ամյա Արշակ Սարգսյանի նկատմամբ հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարողի ինքնությունը։  Վերջինս հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների հսկայածավալ աշխատանքների արդյունքում նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հայտնաբերվել ու ոստիկանության կենտրոնականի բաժին է բերման ենթարկվել Երևանի բնակիչ՝ 44-ամյա տղամարդ, ում ինքնությունը, նախաքննության շահերից ելնելով, չենք հրապարակում։

malxas krakocner

Վերջինս ոստիկանությունից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ՝ որպես կասկածյալ, ձերբակալվել է։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 7-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Կիսվել