Ոստիկանական հատուկ օպերացիա՝ Երևանում. հայտնաբերվել է Քանաքեռցի Տույի սպանության գործով հետախուզվողը
Ոստիկանական հատուկ օպերացիա՝ Երևանում. հայտնաբերվել է Քանաքեռցի Տույի սպանության գործով հետախուզվողը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, մայիսի 3-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներով մայրաքաղաքում իրականացվել է հատուկ օպերացիա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստացված օպերատիվ տվյալների հավաստիության վրա վստահ լինելուց հետո քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները, ապա նրանց միացած ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Ամառանոցային 1-ին տարածքի տներից մեկի մոտ հայտնաբերել և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանություն են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Արսեն Ալեքսանյանին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս քրեական աշխարհում հայտնի, մեծ հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույի սպանության գործով հետախուզման մեջ էր ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից։
Նրա նկատմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի և 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Նրա նկատմամբ ամիսներ առաջ դատարանը խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։ Քննիչը կալանքի միջնորդություն էր ներկայացրել հետախուզման մեջ գտնվող Ա. Ալեքսանյանի նկատմամբ, և դատարանը բավարարել էր միջնորդությունը։
Նրան երեկ ներկայացրել են քննչական մարմնին, և այսօր քննիչը միջնորդություն է ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի կալանքի որոշումը վերահաստատվի։