«Ոսկե Գևի» մայրն ու քույրը Գևորգներ են ունեցել
2020 թվականի նոյեմբերի 30-ին Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմել էինք Գևորգ Ջավախյանի, «Ոսկե Գևի» մասին։ Պատերազմը նոր էր ավարտվել, հարազատների ու ծնողների համար դժվար էր խոսել Գևի կորստի մասին։ Արցախյան պատերազմի անվախ տանկիստի մասին մեզ պատմեցին ընկերները։
Պատերազմից 4 տարի անց Գևորգի քույրը՝ Սեդա Ջավախյանն ու մայրը՝ Նարինե Ալեքսանյանը որդիներ են լույս աշխարհ բերել, ովքեր կրում են Գևորգ անունը։ Այս անգամ արդեն մայրն ու քույր են պատմում մեծ ու փոքր Գևորգների մասին։
2001 թվականի մայիսի 3-ին է ծնվել Ջավախյանների ընտանիքի սպասված որդին։ Անունն արդեն վաղուց որոշված էր, պետք է Գևորգ լիներ։
Երաժշտություն և կինո. սրանք էին տանկիստի սիրելի աշխատանքները ու վստահ էր՝ պետք է հայտնի դառնա, որ մի օր իր անունը լսեն բոլորը։
«Ինձ համար շատ անհասկանալի էր իր երաժշտությունը, ամեն անգամ ասում էր, որ բոլոր աստղերը զբաղվել են դրանով։ Ստիպված ես էլ սկսեցի հետը հավասար դա լսել, բայց չէի հասկանում, թե ոնց կարող է բերանով ձայներ հանել ու փող վաստակել։ Սկսեց համերգներ ունենալ, մրցույթների մասնակցել ու գումար վաստակել։ Բայց մտածում էի, որ դա չի իր ապագան։ Հետո Վաչե Թովմասյանից առաջարկ ստացավ, նկարահանվեց «Ոսկե դպրոց» սերիալում։ Ամեն անգամ, երբ մի քանի վայրկյան ինքը պետք է երևար, մեզ բոլորիս հավաքում, նստեցնում էր, որ նայեինք։ Ասում էի՝ վայ, Գևորգ ջան, մի նախադասություն ասեցիր, ասում էր՝ Կարպ Խաչվանկյանն էլ միանգամից գլխավոր դերերից չի սկսել, քիչ-քիչ»,-պատմում է մայրը։
Չնայած, որ Գևորգն արվեստի մարդ էր, բայց շատ էր սպասում բանակ զորակոչվելուն ու ծառայելուն։ Մայրը միշտ է վախեցել այն մտքից, որ մի օր որդին բանակ է գնալու։ Ճանապարհելուց էլ շատ ծանր է տարել։ Չի պատկերացրել իրեն առանց որդու. «Ոնց որ ինչ-որ բան պոկեին ինձանից ու տանեին։ Ոչ թե ինչ-որ բան էի զգում, այլ չէի պատկերացնում, առանց իրեն 2 տարի ինչպե՞ս եմ ապրելու»։
2020 թվականի սեպտեմբերի 20-ին Գևորգի քույրը` Սեդան ամուսնացել է ու դեռ չվայելած իր նորաստեղծ ընտանիքի երջանկությունը, լսում է պատերազմի բոթը։
«Միանգամից եկանք մեր տուն։ Գևին զանգում էի, չէր պատասխանում, հետո զանգեց, ասաց՝ ի՞նչ եք խառնվել իրար, ամեն ինչ լավ է»,-պատմում է քույրը։
Պատերազմի օրերին Գևորգը հաճախ է խոսել հարազատների հետ, որևէ կերպ ցույց չտալով, որ մարտի դաշտում է ու ծանր պայմաններում։ Միայն մի քանի անգամ ասել է, որ քարը լավ էլ փափուկ բարձ է։ Իսկ պատերազմից հետո ծառայակիցներն են պատմել, թե ինչ օրեր են անցկացրել։
055 համարի տանկը երբեք չլքեց Գևորգը։ Հոկտեմբերի 26-ին տանկի կողքին կանգնած է եղել, երբ թշնամին թիրախավորել է ու հարվածել ԱԹՍ-ով։ Գևորգը ստացել է ծանր վիրավորում։ Նրան տեղափոխել են Երևան, բայց ծնորղներն ու հարազատները մի կերպ են գտել նրան։ Կոմայի մեջ է եղել։ Մոր հարցին, թե արդյոք կապրի որդին, բժշկուհին արձագանքել է՝ ոչ, նա չի ապրի։
Նարինե Ալեքսանյանն ասում է, որ շատ դժվարությամբ է իրեն տրվել որոշումը, որ նորից նոր կյանք տա, երեխա ունենա ու շարունակի ապրել։ Իսկ Սեդան եղբոր կորստից հետո շատ դժվարությամբ, 4 տարի անց կարողացավ հղիանալ։ Սկզբում ասել են, որ աղջիկ պետք է ունենա, իսկ ավելի ուշ պարզվել է, որ ինքն էլ որդի է ունենալու։ Մի քանի օրվա տարբերությամբ ծնվել են Գևորգները։
Տիկին Նարինեի հորդորն է՝ շատ տղաներ լույս աշխարհ բերել։
Մանրամասները՝ Iravaban.net-ի տեսանյութում