Մամուլ

Ոսկեվազ գյուղում քաղաքացի է հոսանքահարվել և մահացել

Ոսկեվազ գյուղում քաղաքացի է հոսանքահարվել և մահացել

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ոսկեվազ գյուղում քաղաքացի է հոսանքահարվել և մահացել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ:  

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:

Տեղում պարզվել է, որ նշված գյուղում «Ոսկեվազ 3» էլեկտրական ենթակայանում աշխատանքներ կատարելու ժամանակ էլեկտրահարվել և մահացել է Արագածոտնի մարզի բնակիչ 73-ամյա Նազարեթ Օ.-ն:  

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քնննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Քասյանի գլխավորությամբ:  

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:  

Մահացածը աշխատում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Մուսալեռ» մասնաճյուղի «Ոսկեվազ 3» ենթակայանում՝ որպես վարպետ:

Կիսվել