Մամուլ

Ոսկեպար տանող գլխավոր մայրուղու երեք հատված հայտնվելու է Ադրբեջանի սահմանին․ «Փաստինֆո»

Ոսկեպար տանող գլխավոր մայրուղու երեք հատված հայտնվելու է Ադրբեջանի սահմանին

Հայաստանի և Ադրբեջանի միջև սպասվող սահմանագծման աշխատանքների հետևանքով Տավուշում նոր շրջանցող ճանապարհներ են կառուցվելու։ 

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, իշխանությունները նախապատրաստվում են Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար տանող, ինչպես նաև գյուղի մոտով անցնող Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի մի քանի հատվածին այլընտրանքային ճանապարհներ կառուցել։ Նոր ճանապարհը մի քանի գյուղեր կապելու է Բաղանիսին։

Մ 16 մայրուղին, ըստ Google քարտեզի, մի քանի հատվածից հատում է Ադրբեջանի սահմանը, իսկ քանի որ Հայաստանի իշխանությունները Google քարտեզով են սահման գծում, նախնական որոշում կա կառուցել մոտ 12 կմ-անոց նոր ճանապարհ։

Ոսկեպար

Ըստ քարտեզի՝ մոտ երեք հատվածում մայրուղին հատելու է Ադրբեջանի հետ նոր ենթադրյալ սահմանը։ Դրանցից մեկը Ծաղկավան-Կիրանց ճանապարհն է, որը շրջանցելու համար անտառների միջով նոր ճանապարհ պետք է կառուցվի 5-6 կմ երկարությամբ։

voskepar 2

Կիրանց գյուղից դեպի Ոսկեպար տանող ճանապարհի մի հատվածը ևս հայտնվում է սահմանին, ուստի նպատակ կա նոր ճանապարհով շրջանցել այդ հատվածը։ Ստացվում է, ճանապարհի երկրորդ հատվածը Կիրանց-Ոսկեպարն է, որի երկարությունը, ըստ նախնական տեղեկությունների՝ 3 կմ է լինելու։

voskepar 3

Երրորդ ճանապարհն էլ Ոսկեպար-Բաղանիսն է։ Ոսկեպարը շրջանցող նոր ճանապարհ չի լինելու, փոխարենը, վերանորոգվելու է գյուղի միջով անցնող ճանապարհը, որը ժամանակին կառուցվել էր՝ շրջանցելու վտանգավոր գոտիները։ Վերանորոգվող այս ճանապարհը կապելու է գյուղը Բաղանիսի հետ ու լինելու է մոտ 3 կմ։

Չնայած այս պահին հստակ հաստատված նախագիծ ու կառավարության որոշում չկա, սակայն արդեն կապալառու կազմակերպության որոնումների մեջ։

Նախնական քննարկումների համաձայն՝ այլընտրանքային նոր ճանապարհի շինարարությունը սկսվելու է Ծաղկավանից ու անցնելու է Կիրանցով, Ոսկեպարով՝ հասնելու է դեպի Բաղանիս։

Ոսկեպարը կմնա որպես սահմանամերձ գյուղ, որոշակի տարածքային զիջումներով։ Եթե հավատանք քարտեզին, ապա գլխավոր մայրուղու հատվածը, որը անցնում է Ոսկեպարի մոտով, ամբողջովին անցնելու է Ադրբեջանին, նաև հարակից որոշ տարածություն ևս կհայտնվի սահմանից այն կողմ։

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում

Կիսվել