Մամուլ

Ոսկեպարից տղերքին բերման են ենթարկել, ասել են՝ էլ չմտնեք, ժամանակ են տվել՝ լքել Ոսկեպարը

Ոսկեպարից տղերքին բերման են ենթարկել, ասել են՝ էլ չմտնեք, ժամանակ են տվել՝ լքել Ոսկեպարը

Երեկ գիշեր Տավուշի մարզի Վերին Ոսկեպար համայնքից Նոյեմբերյանի ոստիկանություն են բերման ենթարկվել «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Ավետիս Ավետիսյանը եւ Հենրիկ Մկրտչյանը։

Մինչ այդ իրավապահները տղերքին ժամանակ են տվել՝ լքել Ոսկեպարը, ասել են՝ Ոսկեպարում գտնվելն անօրինական է։

«Մարտական եղբայրության» անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում շեշտեց՝ վստահ է, որ այդ տարածքներն իշխանությունները հանձնում են Ադրբեջանին, քանի որ Փաշինյանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ ճանաչում է նաեւ Նոյեմբերյանի այդ գյուղերը։

«Բնականաբար իշխանությունները պիտի հրահանգեն իրավապահներին՝ արգելել մեր գործունեությունը Ոսկեպարում։ Ոստիկանության բաժանմունքում տղերքին ասել են՝ բաց կթողնենք մի պայմանով, որ Ոսկեպար այլեւս չեք գնա։ Իրավական հիմք չկա այստեղ, ուղղակի փորձել են վախեցնել, տեսել են վախեցնելով ոչնչի չեն հասնի, տղերքին բաց են թողել։ Պարզ է, որ սա քաղաքական հրահանգ է Երեւանից՝ Բաքվի հետ համաձայնեցված»,-ասաց մեր զրուցակիցը։ 

Անդրադառնալով իրենց գործունեությանը՝ Տեր-Աբրահամյանն ասաց, որ 2023թ․-ի գարնանից Նոյեմբերյանի համայնքապետարանի եւ «Մարտական եղբայրության» միջեւ համագործակցության հուշագիր է կնքվել, որի համաձայն մարզումներ են իրականացնում տեղի համայնքների բնակիչների համար։

Այն պահից, երբ ադրբեջանական քարոզչամեքենան լուրերով հաղորդել է, թե Ոսկեպարում Հայաստանի զինված ուժերը իբրև դիվերսիոն խմբեր են հավաքում, Տեր-Աբրահամյանի խոսքով՝  իրենց գործունեության համար լուրջ խոչընդոտներ են ստեղծվում։

«Ես վստահ եմ, որ մեր նկատմամբ այս խոչընդոտները քաղաքական որոշման արդյունք է։ Մենք 2023թ․-ից ենք Ոսկեպարում, Նոյմբերյանի համայնքապետարանի հետ շատ լավ աշխատել ենք։ Պարզապես այդ տարածքներն անկլանվերի անվան տակ հանձնելու մտադրություն ունեն, այդ է պատճառը, որ փորձում են կանխել մեր աշխատանքը»,-հավելեց նա։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել