Ոսկեհատում 40-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 74-ամյա համագյուղացուն․ վերջինը տեղում մահացել է
Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ոսկեհատ գյուղում Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Ալեքսան Ս․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 74-ամյա Նիկոլայ Շ․-ին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության և փորձել օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները տեղում արաձանագրել են նրա մահը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղե է սթափ։