Մամուլ

Ոչ վաղ անցյալում հաջողության հասնելու համար պետք էր ունենալ լավ թիկունք. նոր Հայաստանում հենց դա է փոխվել. Փաշինյան

«Եթե չլիներ կրթությունը, չէին լինի այն աթոռները, որոնց վրա դուք նստած էիք: Մարդը միչեւ աթոռ պատրաստելը սովորել, անցել է կրթության ճանապարհով: Կրթության արդյունքում է, որ մարդը կարողացավ ստեղծել աթոռ, կոշիկ, բարձրախոս, տեսախցիկ, ինտերնետ, ի վերջո թռչել  տիեզերք: Կրթության արդյունքում է, որ մարդը հասկացավ, որ մարդու իրավունքը, ուրիշ մարդու հանդեպ հարգանքը, նրա իրավունքների հարգումը ամենակարեւոր բանն է:

Կրթության արձանագրումը կարեւոր է հատկապես նոր Հայաստանում:

Ուզում եմ, որ բոլորս արձանագրենք, թե ինչ կարեւոր փոփոխություններ են տեղի ունենում Հայաստանում եւ ինչ է արդեն տեղի ունեցել: Ես ուզում եմ ներկայացնել հաջողության բանաձեւը նոր Հայաստանում, որովհետեւ սովորաբար, ինչպես էր ընդունված ընկալել հաջողության ճանապարհը ոչ հեռավոր անցյալում: Դրա համար անհրաժեշտ էր ունենալ լավ ծանոթ, լավ բարեկամ, լավ թիկունք, լավ հմտություններ, որոնք կապված չեն կրթության հետ, ավելի շատ բնազդական են: Նոր Հայաստանում հենց սա է փոխվել, որ ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված չէ ուրիշներից, այն կախված է ձեզնից, որովհետեւ նոր Հայաստանի, նոր կառավարության ամենակարեւոր առաքելությունն այն է, որ կարողանանք հնարավորությունների հավասար դաշտը ստեղծել, որ ձեզնից յուրաքանչյուրը արձանագրի, որ ՀՀ-ում ամեն օր հնարավորի սահմաններն ընդլայնվում են:

Որ ձեզնից յուրաքանչյուրն ունի հնարավորություն օգտվելու այդ դաշտից: Այսօր Հայաստանում հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է, որ մեզնից յուրաքանչյուրը՝ սկսած վարչապետից, արձանագրի, որ իր հաջողությունը մեծապես կախված է նրանից, թե ինչքանով է կրթությունը շարունակում իր համար լինել ամենօրյա անելիք:

Հայաստանում եւ շատ տեղերում, ցավոք, հասկանում են, որ դա մի անելիք է, որով զբաղվում են աշակերտները, ուսանողները, մինչդեռ դա 21-րդ դարի մարդու անելիքն է:  Յուրաքանչյուր մասնագիտության տեր մարդ անխուսափելիորեն կորցնում է իր հնարավորությունը, եթե ամեն հաջորդ օր ավելի ինտելեկտուալ չէ, քան նախորդ օրը:

Ամեն մարդ ծնվելու պահին ստանձնում է որոշակի առաքելություն եւ դա մեր երկիր մոլորակը ավելի լավը դարձնելն է: Եւ միայն կրթության միջոցով մարդը կարող է հասկանալ, թե որն էր իր աշխարհ գալու նպատակը»,- այսօր՝ օգոստոսի 31-ին, ՀՀ վարչապետի նստավայրում «Մեղու» եւ «Կենգուրու» մրցույթների հաղթող աշակերտների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Կիսվել