Մամուլ

Ոչ սթափ վիճակում անչափահաս տղան, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է

Այսօր՝ մայիսի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 17-ամյա Արեգ Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի մասին ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Մարտունու քննչական բաժնի պետ Արթուր Ավագյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։