Մամուլ

Ոչ սթափ, առանց վարորդական վկայանի տղամարդը «Nissan»-ով բախվել է կայանված «Ford Transit»-ին

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 28-ամյա Արսեն Մ.-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայում՝ «Սիլ Ինշուրանս»-ի հարևանությամբ բախվել է կայանված «Ford Transit» մակնիշի ավտոմեքենային: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինն էլ առաջ է ընթացել, բախվել կայանված «BYD» էլեկատրամոբիլին, վերջինն էլ բախվել է կայանված «BMW»-ին: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունները: 

«Nissan»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմած, և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։